չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ինչպես ենք հիշում Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի աշակերտներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Ինչպես ենք հիշում Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի աշակերտներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի համագործակցության շրջանակում իրականացվող «Երիտասարդների աջակցման GO East» ծրագիրը, որն այս տարի ուներ «Ինչպես ենք հիշում Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. հայացք Հայաստանի և Գերմանիայի անցյալին՝ ներկան և ապագան ձևավորելու և արժևորելու նպատակով» կարգախոսը, նպատակ ունի խթանել պատմական հիշողության պահպանման մշակույթը՝ որպես հետագա ցեղասպանությունների բացառման միջոց:

Ծրագրի շրջանակներում Գերմանիայից Հայաստան ժամանած աշակերտներն ապրիլի 16-ին հյուրընկալվել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը հյուրերին ներկայացրեց «Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն» վերնագրով դասախոսությունը: Բանախոսը շեշտեց, որ տեղահանությունը թուրքական իշխանությունների հայերին բնաջնջելու նոր մեթոդն էր:

Ռեգինա Գալուստյանը խոսեց նաև Հայոց ցեղասպանության ընթացքում կիրառված այլ մեթոդների մասին ևս. հայ երեխաների խեղդամահություններ, ողջակիզումներ, բժշկական փորձակումների ենթարկել, բռնի թրքացնել և այլն: Ծրագրի մասնակից աշակերտները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

  • Կիսվել: