չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Վրաստանում խաղաղ ցուցարարների ուղղությամբ պղպեղի սփրեյ են արձակել

Վրաստանում խաղաղ ցուցարարների ուղղությամբ պղպեղի սփրեյ են արձակել

Ապրիլի 30-ին խորհրդարանի մոտ «գործակալների օրենքի» դեմ ցույցի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցների՝ «պղպեղի սփրեյի», արցունքաբեր գազի և ուժի կիրառումից հետո մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել: Այս պահին վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ։

Մասնավորապես՝ հատուկ ջոկատայինները պղպեղի սփրեյ են արձակել անմիջապես խորհրդարանի հետևի մուտքի մոտ հավաքված խաղաղ ցուցարարների ուղղությամբ։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել են դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։

Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբը, որի փոխանցմամբ՝ հատուկ ջոկատայինները նաև ծեծի են ենթարկում հանրահավաքի մասնակիցներին։ Դրան ի պատասխան` ցուցարարները շշեր են նետել ցուցարարների ուղղությամբ։

Ի դեպ, խորհրդարանում օրենքի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունն այսօր չի կայանա, լսումները կշարունակվեն վաղը՝ մայիսի 1-ին։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։ Խորհրդարանի իրավական հանձնաժողովն ապրիլի 29-ին երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է օրինագիծը։

  • Կիսվել: