ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով պատգամավորի օգնականը կալանավորվեց

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով պատգամավորի օգնականը կալանավորվեց

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են էական մի շարք հանգամանքներ:

«Մասնավորապես՝ 2024թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Civik.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանը, իր լրագրողի մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով, գտնվել է ՀՀ ազգային ժողովի բակում, երբ նրան է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով վիրավորելով լրագրողին՝ պարզաբանում է պահանջել՝ Դ․Լևոնյանի կողմից որպես լրագրող օրեր առաջ սոցիալական ցանցում տեսանյութ հրապարակելու կապակցությամբ: Ի պատասխան՝ Դավիթ Լևոնյանը պարզաբանել է, որ հանդիսանում է լրագրող, իր կողմից տարածված տեսանյութն իր՝ լրագրողի ազատ խոսքն է և անձնական կարծիքը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում Ա.Ս.-ն հայհոյել է լրագրողին և, իրեն ոչ ցանկալի տեսանյութեր տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով լրագրողը վայր է ընկել, իսկ նրա ձեռքին եղած տեսախցիկը վնասվել է։

Այնուհետև Ա.Ս.-ն, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու վճռականությամբ, շարունակել է լրագրողին տեղեկություն տարածելուց հրաժարվելուն հարկադրելու գործողությունները և հետագայում նմանատիպ տեսանյութեր չհրապարակելու սպառնալիքներ հնչեցրել՝ այդ կերպ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով խոչընդոտելով Դավիթ Լևոնյանի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Դատարան ներկայացնելու նպատակով նրան ձերբակալելու որոշում է կայացվել, և տվյալ անձը ձերբակալվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։

Միջնորդություն է հարուցվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: