ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի, այդ թվում՝ Հրայր Թովմասյանին. ՀՔԾ պետ

Հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի, այդ թվում՝ Հրայր Թովմասյանին. ՀՔԾ պետ

Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար անհրաժեշտ չէ, որ Հատուկ Քննչական ծառայությունը ստանա Սահմանադրական դատարանի թույլտվությունը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի, այդ թվում՝ Հրայր Թովմասյանին», -հավելեց ՀՔԾ պետը: Հարցին, թե ՀՔԾ-ն հիմա կարո՞ղ է մեղադրյալ ներգրավել Հրայր Թովմասյանին, Խաչատրյանը պատասխանեց, որ այդ հարցին հիմա որևէ մեկնաբանություն չի կարող տալ՝ նշելով, որ դա իրավական վեճ է: «Ես ունեմ իմ համոզմունքը, բայց այդ մասին չեմ հայտնի ոչինչ», - նշեց Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե Հրայր Թովմասյանի շուրջ կատարվողը շատերը համարում են ճնշում, որպեսզի Թովմասյանը հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից, ՀՔԾ պետը արձագանքեց. «Ես մի քանի առիթով ասել եմ՝ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է: Ինչ վերաբերում է փաստաբանների հայտարարություններին, ապա ես մի քանի առիթով ասել եմ՝ դա պաշտպանների աշխատանքն է, բոլոր չարգելված միջոցներով պաշտպանել իր վստահորդին: Հիմա պաշտպանները ընտրել են այդ ճանապարհը»:

Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը Քննչական կոմիտեից երեկ երեկոյան փոխանցվել է ՀՔԾ-ի վարույթ: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերեւույթ չարաշահելու վերաբերյալ: Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

  • Կիսվել: