ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը

Քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել 8.1 մասով. «Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ եւ համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաեւ իր որոշմամբ փոխել քրեական վարույթի` սույն օրենսգրքով նախատեսված քննչական ենթակայության կանոնները, եթե քրեական վարույթը փաստական հանգամանքներով կապված է նախաքննության մեկ այլ մարմնի վարույթում քննվող քրեական վարույթի հետ կամ քրեական վարույթը նախաձեռնվել է նախաքննական մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող նախաքննության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ՝ այլ քննչական մարմնին ենթակա հանցագործության հատկանիշներով, սակայն փաստական հանգամանքներով կապված է վարույթը նախաձեռնած քննիչին ենթակա վարույթի հետ կամ նույն հիմքով միացված է այդ վարույթին»:

 

Հեղինակի խոսքով վերոնշյալ ձեւակերպումը Կառավարության գործընկերների հետ համատեղ քննարկումների եւ դրանց ընթացքում նրանց ներկայացրած առաջարկի արդյունք է:

 

Արփինե Դավոյանը խոսել է օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունից: Ըստ նրա՝ դեպքեր են լինում, երբ տեւական ժամանակ ՀՀ քննչական կոմիտեում քննվող բազմադրվագ հանցավոր, տարբեր սխեմաներ ներառող քրեական վարույթում կարող են բացահայտվել նաեւ կոռուպցիոն հանցանքներ, ինչի կապակցությամբ նախաձեռնվելու է նոր քրեական վարույթ: «Նման իրավիճակում, ըստ առկա կարգավորումների, կարող է լինել երկու տարբերակ: Առաջինը՝ նախաձեռնված նոր վարույթը, ըստ քննչական ենթակայության, կարող է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե եւ քննվել այնտեղ կամ նշված վարույթները կարող են միացվել մեկ վարույթում եւ հետագա նախաքննությունը կատարելու համար հիշյալ վարույթը պետք է ուղարկվի Հակակոռուպցիոն կոմիտե: Մինչդեռ, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ բացահայտված կոռուպցիոն հանցագործությունը հիմքում ունի արդեն նախորդող հանցագործություն, որով արդեն Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ»: Այս համատեքստում Արփինե Դավոյանն ընդգծել է, որ քրեադատավարական կարգավորումների պարագայում վարույթներ միացնելու դեպքում միացված քրեական վարույթը հետագա նախաքննություն իրականացնելու համար տեղափոխել այլ քննչական մարմին կարող է չբխել քննության շահերից:

Զեկուցողը նշել է, որ փոփոխության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազը, հանդիսանալով մինչդատական վարույթի օրինականության համար պատասխանատվություն կրող անձ, պետք է օժտված լինի բավարար գործիքակազմով:

Հարակից զեկուցող, պատգամավոր Տրդատ Սարգսյանը հորդորել է դրական եզրակացություն տալ նախաձեռնությանը:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում, ստացել դրական եզրակացություն:

 

Հեղինակի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը:

  • Կիսվել: