ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չնայած Արմեն Աշոտյանը նախկին նախարար է եւ բժշկական ծառայության փոխգնդապետ, նա կտեղափոխվի Նուբարաշեն ՔԿՀ. փաստաբան

Չնայած Արմեն Աշոտյանը նախկին նախարար է եւ բժշկական ծառայության փոխգնդապետ, նա կտեղափոխվի Նուբարաշեն ՔԿՀ. փաստաբան

Չնայած նրան, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախկին նախարար է, բժշկական ծառայության փոխգնդապետ է, սակայն նրան կտեղափոխեն Նուբարաշեն ՔԿՀ: Այս մասին այսօր դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նշենք, որ քիչ առաջ դատարանը Աշոտյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել:

«Ես չեմ զարմանա, որ նա պահվի սովորական քրեական հանցագործների հետ, որովհետեւ սա վրեժխնդրություն է: Այս ամենի հեղինակը հայրենավաճառ Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց փաստաբանը:

Նա ասաց, որ Աշոտյանի դեմ ցուցմունք տվող անձ չկա:

Աթանեսյանը նշեց, որ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի:

Անդրադառնալով ՔԿ-ի կողմից տարածած ձայնագրությանը, Աթանեսյանն ասաց. «Այդ անձինք չեն ձերբակալվել: Դա գինովցած երկու հոգու խոսակցություն էր: Իսկ հնարավո՞ր է, որ մեկը մյուսին խաբում են, դա ստուգե՞լ եք, առերեսվե՞լ է Աշոտյանի հետ, ի վերջո այդ խոսակցությունից երեւում է, որ իրենց են ուզում Աշոտյանին ճնշել: 4 տարի այս գործը քննվել է, եթե կրիմինալի նշույլներ լիներ, ապա թե՛ ԱԱԾ-ն, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակին կկալանավորեին: Այդ գործը հասել էր նրան, որ պետք է կարճվեր Հակակոռուպցիոն կոմիտեում: Բայց պարոն Քյարամյանը այստեղ հանցակազմ տեսավ»:

Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են երեկ՝ հունիսի 15-ին: Նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է: Նա մեղադրվում է վատնման կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների եւ մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:

Նշենք, որ քրեական գործն առնչվում է «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին:

  • Կիսվել: