երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ազնիվ բիզնեսը պաշտպանելը Գլխավոր դատախազության առաջնահերթություններից է. Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Ազնիվ բիզնեսը պաշտպանելը Գլխավոր դատախազության առաջնահերթություններից է. Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը:

«Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և կարևորել նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները, որոնք նպաստում են երկու երկրների դատախազությունների համագործակցության ամրապնդմանն ու կարևոր հարցերի լուծմանը:

Գլխավոր դատախազը դեսպանին է ներկայացրել Դատախազության առաջնահերթ ուղղությունները՝ առանձնացնելով ապօրինի հարստացման, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարը, պետական շահերի պաշտպանությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման «երիտասարդ» ինստիտուտի կատարելագործումը, հանքարդյունաբերության ոլորտում չարաշահումների դեմ պայքարը և այլն:

Դեսպանը Շվեդիայի Թագավորության աջակցությունն է հայտնել Գլխավոր դատախազության՝ վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքներին և հետաքրքրվել ազդարարման համակարգի նկատմամբ քաղաքացիների և բիզնեսի վստահությունը բարձրացնելուն ուղղված գործողություններով՝ հավելելով, որ շվեդական կապիտալով ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես գործունեություն ծավալելու հեռանկարով: Աննա Վարդապետյանը, հարթակի գործունեության վերաբերյալ տեղեկություն տրամադրելով դեսպանին, ընդգծել է, որ ազնիվ բիզնեսը պաշտպանելը Գլխավոր դատախազության առաջնահերթություններից է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական և տեխնիկական աջակցության ոլորտում համագործակցության հեռանկարներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: