կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշխատանքային հանդիպում՝ ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի՝ Հայաստան այցի շրջանակում

Աշխատանքային հանդիպում՝ ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի՝ Հայաստան այցի շրջանակում

Եվրոպայի խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GRETA) Հայաստան այցի շրջանակում տեղի է ունեցել կլոր-սեղան աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանն ու Ռուբեն Սարգսյանը, Եվրոպայի խորհրդի խորհրդատու Կամելյա Դիմիտրովան, Եվրոպայի խորհրդի թրաֆիքինգի դեմ պայքարի կոնվենցիայի քարտուղարության իրավաբան Յուրի Պալցևը, շահագրգիռ պետական մարմինների և ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի իրագործման առումով Հայաստանի ձեռքբերումներն ու առաջընթացը, (GRETA)-ի հիմնական հանձնարարականներն ու արձանագրումները՝ թրաֆիքինգի զոհերի համար արդարադատության և արդյունավետ պաշտպանության միջոցների հասանելիություն, քրեական արդարադատության մեխանիզմների կիրառում, աշխատանքային թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցներ, ԵԽ թրաֆիքինգի դեմ կոնվենցիայի իրականացման գործում Հայաստանին ԵԽ աջակցության հնարավոր ուղիների ամրագրում։

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ փորձագիտական խմբի կողմից հրապարակված զեկույցի հանձնարարականներն իրականացվել են ըստ ոլորտային գերատեսչությունների և այդ աշխատանքներում կարևորվել է գործընկեր հասարակական կազմակերպությունների՝ պետության կողմից թրաֆիքինգի զոհերին մատուցվող պատվիրակման ծառայությունների իրականացումը։

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները խոսել են թրաֆիքինգի զոհերի իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, աշխատանքի, մասնագիտական ուսուցման և կրթության հասանելիության, հոգեբանական և իրավաբանական օգնության, արդարադատության մատչելիության, դատաիրավական համակարգի կարգավորումների, հանցագործությունների բացահայտման պրակտիկայի, թրաֆիքինգի զոհերի նույնականացման և այլ հարցերի շուրջ։

Քննարկվել են նաև թրաֆիքինգի զոհերի համար փոխհատուցման արդյունավետ հասանելիության ապահովման, մատուցվող ծառայությունների շրջանակն ու որակը, նրանց սոցիալական վերաինտեգրման, երկարաժամկետ օգնության հնարավորություններն ու այլ հարցեր։

  • Կիսվել: