կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ժողովրդավարությունը կարևոր արժեքային հենք է ՀՀ-Հունաստան հարաբերությունների զարգացման հարցում․ Նիկոլ Փաշինյան

Ժողովրդավարությունը կարևոր արժեքային հենք է ՀՀ-Հունաստան հարաբերությունների զարգացման հարցում․ Նիկոլ Փաշինյան

Մեր միջպետական կապերը մեծ տեմպերով զարգանում են, եւ այսօրվա այցի արդյունքներով մենք նոր խթան կտանք մեր երկկողմ հարաբերություններին տնտեսության, մշակույթի, կրթության, անվտանգության ոլորտներում: Այս մասին, այսօր Աթենքում, Հայաստանի ու Հունաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Պաշտպանության ոլորտում մենք ունենք համագործակցության բավականին երկար պատմություն, եւ համոզված եմ՝ մեր համագործակցությունն ավելի արդյունավետ կդառնա:

Ուզում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններում ամենևին էլ երկրորդական դեր չի կատարում այն, որ երկու երկրները առանցքային նշանակություն են տալիս բարեփոխումներին և մասնավորապես ժողովրդավարական  բարեփոխումներին։ Սա շատ կարևոր արժեքային հենք է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար, ոչ միայն Հունաստանի, այլև ԵՄ-ի հետ ընդհանրապես։

Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտել Հունաստանին  ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացմանը աջակցելու և հետագա աջակցության պատրաստակամության համար։ Տեղյակ եք, որ ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերներից է, այս համատեքստում մեր համագործակցությունը արդեն ցույց է տվել իր արդյունքները և համոզված եմ՝ առաջիկայում ավելի տեսանելի արդյունքներ կլինեն։

Ուզում եմ ընդգծել նաև Հունաստանի մասնակցությունը ՀՀ-ում ԵՄ-ի քաղաքացիական առաքելությանը, որը դիտարկում է Ադրբեջանի և ՀՀ-ի սահմանը, Հունաստանի մասնակցությունը այստեղ շատ գնահատելի է ու կարևոր։

Իհարկե, քննարկեցինք նաև մեր տարածաշրջանային իրավիճակը, հատուկ անդրադարձ ունեցանք էթնիկ զտումների արդյունքում ԼՂ-ից տեղահանված ավելի քան 100,000 հայերի հումանիտար կարիքների բավարարման գործընթացին։

Ես վարչապետին պատմեցի այն միջոցառումները, որ մենք հասցրել ենք իրականցնել, ասացի նաև, որ մենք այժմ երկարաժամկետ ծրագրերի, որոշումներ կայացնելու փուլում ենք։ Եթե մեր հայրենակիցները ԼՂ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ մնան ՀՀ-ում, այսօր քննարկեցինք այս իրավիճակի հետ կապված հարցեր»,- հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: