կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շարունակ փնտրում եք ուղիներ՝ ինչպես կառավարությունը պետք է հրաժարական տա․ կարող եմ ցույց տալ միակ օրինական ճանապարհը․ նախարարը՝ Ռուստամյանին

Շարունակ փնտրում եք ուղիներ՝ ինչպես կառավարությունը պետք է հրաժարական տա․ կարող եմ ցույց տալ միակ օրինական ճանապարհը․ նախարարը՝ Ռուստամյանին

Եթե կառավարությունը չի կատարում ԱԺ-ում հաստատված իր ծրագիրը, նա պետք է փոխվի, քաղաքական մեծամասնությունը գա նոր ծրագրով, ասի՝ ստեղծվել է նոր իրավիճակ, մենք պետք է ՀԱՊԿ-ից դուրս գանք: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով նրան, որ կառավարության ծրգրում գրված է, որ Հայաստանը պետք է ներգրավված լինի ՀԱՊԿ-ում, իսկ իրականում սառեցրել է իր անդամակցությունը:

«Դուք հիմա հակասահմանադրական գործողություն եք անում, եկել բացատրում եք, թե ինչու եք հակասահմանադրական գործողություն արել: Ոնց որ մեկը հանցանք կատարի, հետո գա բացատրի, որ այս հանցանքը կատարել է այս պատճառաբանություններով: Դա կարող է մեղմացուցիչ հանգամանք լինել, բայց չի կարող վերացնել մեղադրանքը: Դուք վերազանցել եք ձեր լիազորությունները»,-ասաց Ռուստամյանը:

Արարատ Միրզոյանը նախ հավաստիացրեց, որ Հայաստանը գերակտիվ ջանքեր է գործադրել, որ ՀԱՊԿ-ի գործընկերների հետ ձեւակերպվի այն նվազագույն փոխընդունելի ձեւակերպումը, որով ՀԱՊԿ-ը պարտավոր էր անդրադառնալ Հայաստանի հետ տեղի ունեցածին, ապա հավելեց. «Ի վերջո, տեսել ենք, որ ջանքերը արդյունքի չեն բերել: Դուք ասում եք, որ այդ դեպքում կառավարությունը պետք է հրաժարական տա: Այս դեպքում ես վելի շատ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ պետք է արձագանքեմ. պարոն Ռուստամյան, դուք շարունակաբար փնտրում եք զանազան ուղիներ՝ ինչպես այս կառավարությունը պետք է հրաժարական տա եւ փոխվի: Ես ընկերաբար կարող եմ ցույց տալ կառավարության փոփոխության միակ օրինական, լեգիտիմ ճանապարհը: Դա ԱԺ-ի ընտրություններն են Սահմանադրությամբ նախատեսված բոլոր մեխանիզմներով: Խնդրեմ, գնացեք, մասնակցեք: Դուք ազատ եք Սահմանադրությամբ ձեզ վերապահված հնարավորության շրջանակներում փոխել կառավարությունը»:

 

  • Կիսվել: