երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՍԴՀԿ-ն դատապարտել է Կանադայում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ ՀՅԴ երիտասարդների արարքը

ՍԴՀԿ-ն դատապարտել է Կանադայում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ ՀՅԴ երիտասարդների արարքը

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Մոնրեալի և Տորոնտոյի ղեկավար մարմինները դատապարտել են Մոնրեալում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ ՀՅԴ-ի մի խումբ երիտասարդների արարքը, որոնք ներխուժել են միջոցառման սրահ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել  Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի հասցեին։

«Յանուն Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Մոնթրէալի ու Թորոնթոյի Վարիչ Մարմիններուն՝ կը դատապարտենք Կիրակի, 21 Ապրիլին, Մոնթրէալի Հայ Կեդրոնին մէջ տեղի ունեցած միջադէպը, ուր Քէպէքի Հայ Համայնքի Միացեալ Մարմինին  կողմէ կազմակերպուած Եղեռնի 109-ամեակին  նուիրուած ձեռնարկէն առաջ՝ հիւրասիրութեան ընթացքին, ուր ներկայ էին նահանգային եւ դաշնային պետական երեսփոխաններ, քաղաքապետական պաշտօնատարներ, հայկական երեք կուսակցութիւններու ղեկավարներ, բարձրաստիճան հոգեւորականներ եւ կազմակերպութեանց ներկայացուցիչներ, ՀՅԴ-ի մի քանի երիտասարդներ սրահ խուժելով անպատուաբեր արտայայտութիւններով դիմեցին Հայաստանի Հանրապետութեան դեսպան՝ Ն․Գ․ Անահիտ Յարութիւնեանին:

Նաեւ, մեր տարակուսանքը կը յայտնենք ՀՅԴ ղեկավարներուն կրաւորական պահուածքին հանդէպ և մանաւանդ անոնց յորդորին, որ ՀՀ դեսպանը զանց ընէ փոխանցել օրուան պատշաճ իր խօսքը, որուն համար յատուկ հրաւիրուած էր ան, մտահոգութիւն յայտնելով, որ նոյն երիտասարդները կրնային խանգարել իր ելոյթը, փաստօրէն պատճառ դառնալով, որ տիկին դեսպանը հեռանայ սրահէն:

Դժբախտաբար նմանատիպ ձեռագիրով երկրորդ դէպքն է, որ տեղի կ’ունենայ համագաղութային միջոցառման մը ընթացքին, խաթարելով գաղութին անդորրը, երբ այսօր աւելի քան երբեք խիստ կարեւոր են միասնականութիւնն ու համերաշխութիւնը։

Առ ի գիտութիւն՝ ինչպէս բոլոր դեսպանները, նոյնպէս դեսպան Անահիտ Յարութիւնեան կը ներկայացնէ Հայաստանի Հանրապետութիւնը եւ պէտք չէ պետականութիւնը շփոթել անցեալի, ներկայի ու գալիք ՀՀ իշխանութիւններուն հետ»,- ասված է ՍԴՀԿ Մոնրեալի և Տորոնտոյի ղեկավար մարմինների տարածած հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: