երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քոչարյանի պաշտպանները դիրքորոշում են ներկայացրել Եվրոպական դատարան ու սպասում են խորհրդատվական կարծիքի

Քոչարյանի պաշտպանները դիրքորոշում են ներկայացրել Եվրոպական դատարան ու սպասում են խորհրդատվական կարծիքի

 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը օրերս բավական ծավալուն դիրքորոշում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կատարելով Մեծ պալատի նախագահի որոշումը, PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք՝ Մեծ պալատի նախագահի որոշմամբ սահմանվել էր հնարավորություն մինչև նոյեմբերի 19-ը կողմերին՝ Ռոբերտ Քոչարյանին և Ազգային ժողովին ներկայացնել դիրքորոշում Քոչարյանի և մյուսների գործով բարձրաձայնված հարցերի ու իրավիճակի վերաբերյալ: Պաշտպանական կողմը կատարել է Մեծ պալատի հորդորը ու Վարդևանյանի փոխանցմամբ, ներկայացրել դիրքորոշում Սահմանադրական դատարանի կողմից բարձրաձայնված հարցերի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առանձին հոդվածների երաշխիքների, Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի իրավական գործընթացի ու դրանից բխող իրավական հետևանքների վերաբերյալ:

«Ակնհայտ առկա խնդիրները, որոնք մենք տեսել ենք գործընթացի ժամանակ, ներկայացվել են», -ասաց Վարդևանյանը: Փաստաբանի ներկայացմամբ, մինչև դեկլտեմբերի 4-ը ԵԽ անդամ բոլոր պետությունները, ինչպես նաև Հայաստանի կառավարությունը պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը: ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը ևս կարող է դիրքորոշում ներկայացնել: Դեկտեմբերի 4-ից հետո տեղի է ունենում ամփոփում, ինչը ենթադրում է, որ Մեծ պալատը պետք է որոշում կայացնի՝ ինչպես քննել՝ գրավո՞ր, թե բանավոր ընթացակարգով: Այս ամենի արդյունքում հրապարակվելու է խորհրդատվական կարծիք:

Մեր հարցին, թե խորհրդատվական կարծիքը կարո՞ղ է նշանակություն ունենալ Հայաստանում քննվող քրեական գործի վրա, Վարդևանյանը պատասխանեց. «Խորհրդատվական կարծիքը խորհրդատվական բնույթի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարձրագույն պալատի կողմից ի պաշտպանություն մարդու իրավունքների խորհրդատվական կարծիք է: Այդ գործիքը առհասարակ մեկ նպատակ է ունեցել՝ հնարավոր իրավունքների խախտումները կանխարգելել: Այսինքն՝ այս միջանկյալ փուլում խորհրդատվական կարծիքով դիմելով Եվրոպական դատարանին ստանում ես որոշակի ելակետ, որոշակի պատկեր, թե ինչպես շարժվել ճիշտ, որպես Եվրոպական կոնվենցիային համահունչ լինի գործընթացը»: Այդուհանդերձ, եթե այս խորհրդատվական կարծիքը Հայաստանում դատարանների, իրավապահների կողմից հաշվի չառնվեց, ապա, ըստ Վարդևանայնի, դա կնշանակի իրավունքի խախտում:

«Համոզված եմ, որ Հայաստանը այն երկրներից չէ, որը Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ ունենա նման վերաբերմունք: Մենք մշտապես մեծ հեղինակություն ու համբավ ունենք՝ Եվրոպական դատարանի որոշումների կատարման տեսանկյունից», նկատեց Վարդևանյանը:

  • Կիսվել: