չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Այս իշխանություններն այս տարիներին ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ երեք իշխանությունները միասին. Քոչարյան

Այս իշխանություններն այս տարիներին ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ երեք իշխանությունները միասին. Քոչարյան

Ներկայիս իշխանություններին պահող երկու գործոն կա, որոնցից մեկը սուտն է, մյուսը՝ վախի մթնոլորտի սերմանումը: Այս մասին այսօր Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

՛՛Մեր ներկայացրած խնդիրներից ոչ մեկը չի լուծվելու այս իշխանությունների մնալու դեպքում: 2018 թվականից սկսած տեսնում ենք այս իշխանության գործելաոճը, որը վերլուծելով հասկանում ենք, որ ոչինչ հենց այնպես չի եղել, նրանց քայլերի արդյունքում ենք հասել սրան: Հիմա նորից մենք զգուշացնում ենք, հավաստիացնում ենք, որ նրանց մնալու դեպքում, այս հետընթացը շարունակվելու է՛՛,-նշեց նա:

Քոչարյանի խոսքով՝ իրենց նմանատիպ հանդիպումների նպատակն է ձևավորել այն ուժը, որի միջոցով կհասնեն իշխանափոխության: 

՛՛Շատերը պատկերացնում են, որ մենք պետք է փողոց դուրս գանք, մանդատները դնենք, բայց բոլորս շատ ավելի կարևոր գործեր ունենք անելու նախքան դրան հասնելը: Դա պետք է լինի միջոց՝ մեր վերջանական նպատակին հասնելու համար: Մեր հայրենակիցներից շատերը դեռևս մոլորված են, այլ կերպ են մտածում, հավատում են այս իշխանություններին՛՛,-նշեց Լևոն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ սխալներ ու ապօրինություններ են արել, քան նախորդ երեք իշխանությունները միասին:

Ըստ պատգամավորի՝ հասարակության շրջանում կարծիք է ձևավորվել, թե հեշտ տարբերակ կա իշխանափոխության հասնելու, բայց ընդդիմությունը դա  չի հասկանում, կամ չի ուզում անել:

՛՛Եթե ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերը մի կողմ դնեն անձնական ամբիցիաները, կարող է համափխմբում լինել: Մենք մի քանի տարիների փորձով ցույց ենք տվել, որ պատրաստ ենք դրան և կարող ենք դրա հիմքում լինել: Եթե ես ինքս տեսնեմ, որ կա թեկնածու, կա ինչ-որ ուժ, որի կողքին կանգնելով՝ հիմնական նպատակին ավելի հեշտ կհասնենք, պատրաստ եմ գնալ, կանգնել կողքին՛՛,-վստահեցրեց նա:

  • Կիսվել: