չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պետք է առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության վերոնշյալ փաստաթղթի պահանջներով. Հարությունյան

Պետք է առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության վերոնշյալ փաստաթղթի պահանջներով. Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ‹‹Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը›› խորագրով գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև. 

‹‹Այն ինչ տեղի է ունենում այս օրերին Տավուշում դա սահմանազատում չէ, այլ սահմանագծում է՝ առանց սահմանազատման սկզբունքների շուրջ համաձայնության գալու: Ըստ էության իշխանությունը որոշել է միակողմանի դիրքերը զիջել Ադրբեջանին՝ ուղղակի սպառնալիքի տակ դնելով բնակչության ապագան այդ տարածքում:

Կրկնում եմ, Վարչապետն իրականացնում է ոչ թե սահմանազատում, այլ ապօրինի սահմանագծում՝ անշրջելի դարձնելով ոչ միայն տվյալ տարածքում բնակչության գոյության սպառնալիքները, այլ, կազմաքանդելով տարածաշրջանի պաշտպանական առաջնագիծը, թշնամու ուղղակի ռազմական սպառնալիքի տակ է դնում մեր ինքնիշխան երկրի ողջ տարածքը Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ Նոյեմբերյանից մինչև Մեղրի: Եվ բոլորովին պատահական չէ, որ այդ ազգադավ որոշման իրականացումը խափանելու համար ընդվզում են նաև մեր մնացած տարածքների բնակիչները:

Տավուշում իշխանության գործողությունները, առանց չափազանցության, ազդարարում են Հայոց պետականության կործանման սկիզբը: Այլևս հանդուրժել ազգակործան այս գործունեությունը անթույլատրելի է և դատապարտելի:

Մենք պետք է մեր մեծագույն հարգանքը բերենք Տավուշի բնակչությանը և հատկապես նրա փաստացի առաջնորդին՝ Բագրատ Սրբազանին: Հարկ է հարգանքի տուրք մատուցել նաև Շիրակի և Գուգարաց թեմերի առաջնորդնորդներին, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու այլ թեմերի առաջնորդներին, որոնք իրենց ազգանվեր վարքով ոգևորում են ժողովրդին և սատարում նրա պայքարին:

Արդ, ո՞՞րն է համաժողովրդական պայքարի ներկա փուլի առանցքային խնդիրը: Ըստ իս դա մեկն է՝ բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման այս սպառնալի գործընթացը:

Ի՞նչ է նշանակում ‹‹բեկել›› սահմանազատման ներկայիս գործընթացը: Արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել սահմանազատման իրականացումից : Անշուշտ ո՛չ:
Բեկել այս գործընթացը նշանակումէ հասնել նրան, որ սահմանազատումն իրականացվի միջազգայնորեն ճանաչելի սկզբունքների հիման վրա:

Իսկ որո՞նք են այդ սկզբունքները:

Այդ սկզբունքները շարադրված են անվտանգության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կառույցի՝ Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության Քարտուղաքարության կողմից ընդունված ‹‹Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում: Հրատապ հարցեր և լուծումներ›› վերտառությամբ փաստաթղթում, որը ընդունվել է 2017թ դեկտեմբերին և կոչված է որպես պարտադիր կիրառման ուղեցույց հետխորհրդային երկրների միջև սահմանազատման աշխատանքների իրականացման համար:

Այդ փաստաթուղթը պահանջում է, որ մինչ բուն սահմանազատման աշխատանքներին անցնելը կողմերը պետք է բանակցեն և համաձայնության գան այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա սահմանազատման իրականացումը հնարավորինս կբացառի հետագայում միջպետական հարաբերություններում ռիսկերի ձևավորումը:

Օրինակ համաձայն այդ փաստաթղթի բանակցող կողմերը պետք է համաձայնության գան այն սկզբունքի շուրջ, որ ապագա սահմանը չի կարող դառնալ կողմերի միջև լարվածության և անկայունության աղբյուր:

Այսինքն նշյալ փաստաթուղթը մերժում է ‹‹ինչ տիրապետում եմ, այն էլ տնօրինում եմ›› կոնֆլիկտածին սկզբունքով առաջնորդվելու ցանկացած փորձ (ի դեպ հենց այդ սկզբունքով է առաջնորդվում Ադրբեջանը) կամ անկլավների մասին որևէ հարցադրում (հաշվի առնելով, որ այդ անկլավներն անմիջապես վեր են ածվելու ռազմական հենակետերի և ուժի սպառնալիքի կիրառման նոր հնարավորություների Ադրբեջանի ձեռքում):

Մի՞թե վերոնշյալ սկզբունքը չի նշանակում, որ 2020թ նոյեմբերից հետո ռազմական ճանապարհով կամ ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանի սուվերեն տարածքից ձեռք գցած ռազմավարական կարևորության բարձրունքները Ադրբեջանը պարտավոր է ազատել:

Հարց. ինչու՞ է գործող իշխանությունը խուսափում վերը նշված փաստաթղթում ամրագրված այս սկզբունքի շուրջ բանակցելուց և փորձում է սահմանազատման խնդրում հիմք ընդունել իրավաքաղաքական առումով փաստացի ոչինչ չասող Ալմա Աթիի Հռչակագիր կոչված փաստաթուղթը:

Միամիտ կլինի ենթադրել, որ եվրոպական փորձագետները սահմանազատման և սահմանագծման սկզբունքները մշակելիս տեղյակ չեն եղել Ալմա Աթիի Հռչակագրի գոյության մասին:
Եթե այդ Հռչակագիրը օգտակար լիներ հետխորհրդային պետությունների միջև սահմանազատման աշխատանքների իրականացման համար, ապա եվրոպական փորձագետները տարբեր երկրների փորձը հարյուրավոր էջերում մեկնաբանելու փոխարեն ընդամենը հղում կկատարեին այդ հռչակագրին և վերջ:

Բայց նրանք դա չեն արել: Ինչու՞:

Միայն անտեղյակները կամ պրոցեսը միտումնավոր խեղողները կարող են շրջանցել այն կարևոր հանգամանքը, որ Խորհրդային Միությունում հանրապետությունների վարչական սահմանները Կոմունիստական Կենտրոնը ձևավորել էր այնպես, որ հարևան հանրապետությունների միջև մշտապես լիներ որոշակի լարվածություն, ինչը և ապահովում էր Կենտրոնի քաղաքական անվերապահ ազդեցությունը տեղերում:

Այդ է պառճառը, որ այսօր գրեթե բոլոր հետխորհրդային պետություններն իրենց անմիջական հարևանների նկատմամբ ունեն տարածքային պահանջներ: Մեր Հանրապետության ոչ վաղ անցյալը նույնպես վկայում է այդ մասին:

Ուստի առաջնորդվել Խորհրդային շրջանում Կենտրոնի կողմից ձևավորված վարչական սահմաններով նշանակում է վերակենդանացնել ազգամիջյան կոնֆլիկտները՝ նպաստելով պետութունների միջև լարվածության և անկայունության խորացմանը: Սա է իրականությունը և գործող իշխանությունները պարտավոր են դա հստակ գիտակցել:

Ահա թե ինչու է պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության վերոնշյալ փաստաթղթի պահանջներով:

Մեկ այլ ոչ պակաս կարևոր հարցի մասին: Վարչապետը անդադար պնդում է, որ մեր երեք տասնյակից ավել սահմանամերձ գյուղերի տարածքները գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ և հաճախ հույս հայտնում, որ Ադրբեջանը կցուցաբերի ողջամիտ մոտեցում այդ տարածքները ազատելու հարցում: Մանկամտություն և ուրիշ ոչինչ:

Մինչդեռ ԵԱՀԿ Քարտուղարության նույն այդ փաստաթղթում հստակ սահմանված է սկզբունք, համաձայն որի սահմանազատման արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները չեն կարող զրկվել իրենց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ հնարավորություններից՝ խոտհարքներց, արոտավայրերից, ջրաղբյուրներից, հոսանքի, կապի և տրանղսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքներից և այլն: Միջազգային անվտանգության բնագավառում այդ հեղինակավոր կառույցն, ի դեմ իր Քարտուղարության, առաջարկում է սահմանազատում իրականացնող պետությունների հանձնաժողովներին պարտադիր բանակցել այս սկզբունքը: Հարց. ինչու՞ է Վարչապետը կամ Մհեր Գրիգորյանը անտեսում խնդրի լուծման այս հնարավորությունը:

Կամ ոչ պակաս կարևոր մի խնդրի մասին ևս: ԵԱՀԿ Քարտուղարությունը գտնում է, որ սահմանազատման ընթացքում չի կարող անտեսվել հողի և անշարժ գույքի նկատմամբ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սեփականության իրավունքը, եթե այդ իրավունքը ձեռք է բերվել տվյալ պետության ներքին օրենսդրության համապատասխան: Այսինքն սահմանազատման արդյունքում չի կարող մարդու տունը հայտնվել Հայաստանում, իսկ գոմը՝ Ադրբեջանում:

Մի՞թե սա կարևոր սկազբունք չէ (մենք նման իրավիճակի հետ բախվել ենք Սյունիքում՝ 2021-ին Ադրբեջանցիների կողմից ջիպիէսով սահմանազատում իրականացնելու արդյունքում): Ինչու՞ է գործող իշխանությունը անտեսում բանակցություններում արդարամիտ լուծումների գալու այս հնարավորությունը:

Ինչու՞է Մհեր Գրիգորյանը խորշում միջազգային հեղինակավոր կառույցի կողմից առաջարկվող այս սկզբուների շուրջ բանակցելուց, փոխարենը միակողմանի զիջումների գնում Ադրբեջանի պահանջներին՝ ձևավորելով ռազմական սպառնալիքի նոր հնարավորություններ, վտանգելով մեր Պետության գոյությունն ընդհանրապես:

Սրանք հռետորական հարցեր չեն և գյուղացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձերի փոխարեն պահանջում են օրվա իշխանությունների անմիջական պատասխանը:
Ի դեպ առանձնահատուկ ցանկանում եմ նշել, որ ԵԱՀԿ Քարտուղարության նշված փաստաթղթում աշխարհագրական քարտեզների մասին խոսվում է, որպես վերը շարադրված սկզբունքների կիրառումն ապահովելու հավելյալ հնարավորություն, բայց ոչ որպես առանցքային խնդիր: Այս դիտարկումը անում եմ հատկապես նաև տիտղոսային ընդիմության ներկայացուցիչների համար, որոնք արդեն հոգնեցրել են քարտեզների մասին իրենց հարցադրումներով:

Այս հարցադրումների մասին առավել մանրամասն ես իմ մոտեցումները շարադրել եմ դեռևս 2021թ-ին ‹‹Հայաստանը մուրճի և սալի արանքում: Ի՞նչ անել›› վերտառությամբ հոդվածում:
Ինձ հաճախ իմ ընդիմախոսները հակադարձում են, որ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթուղթը կրում է խորհրդատվական (ռեկոմենդացիոն) բնույթ. Ուստի այն կարող է հիմք ընդունվել միայն բանակցող կողմերի համաձայնության դեպքում:

Նախ, մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ այդ փաստաթուղթն ընդունվել է անվտանգության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կառույցի կողմից, որպես հետխորհրդային տարածքում սահմանազատման աշխատանքների իրականացմոամ պարտադիր ուղեցույց:

Երկրորդ, կարծում եմ շատ դժվար է որևէ ողջամիտ հիմնավորում գտնել նշյալ փաստաթղթում առաջարկվող սկզբունքները մերժելու կամ դրանց շուրջ բանակցելուց խորշելու համար: Թերևս միայն այն դեպքում, երբ կողմերը բացահայտ դեմ են միմյանց հետ խաղաղ գոյակցությանը և սահմանազատման գործընթացը խաղաղության համար անհրաժեշտ իրավաքաղաքական նախադրյալներ ձևավորելու նպատակով որպես հնարավորություն օգտագործելուն:

Այն, որ Ալիևը դեմ է խաղաղությանը դա փաստում է նաև Փաշինյանը: Բայց ինչու՞ է Փաշինյանն աջակցում նրան՝ խուսափելով ԵԱՀԿ Քարտուղքրության նշյալ փաստաթղթում արձանագրված սկզբունքների շուրջ բանակցություններ վարելուց կամ այդ փաստաթղթի հիման վրա սահմանազատման աշխատանքների իրականացումից: Այս հարցը ողջամիտ պատասխան չունի:
Չէ՞ որ նույնիսկ Շառլ Միշելը, կարևորելով սահմանազատման խնդիրը երկու պետությունների միջև խաղաղությունն անշրջելի դարձնելու գործում, պատրաստակամ էր կողմերին աջակցության համար իր փորձագետներին տրամադրել: Արդյո՞ք եվրոպական կառույցները կարող են մերժել այն առաջարկը, որ նպատակահարմար է սահմանազատումն իրականացնել ԵԱՀԿ Քարտուղարության կողմից մշակված համապատասխան փաստաթղթի հիման վրա: Դե իհարկե ո՛չ: Ուրեմն հարց. ինչու՞ հայկական կողմը չի գնում այդ ճանապարհով, այլ նպատակահարմար է գտնում սեփական բնակչությանը պատերազմով ահաբեկելու միջոցով միակողմանի զիջումների գնալ, ընդ որում Տավուշում իրականացնել ոչ թե սահմանազատում այլ ուղղակի սահմանագծում:

Այս հարցերը հռետորական չեն:

Ավելին հանդես գալով սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունները Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության Քարտուղարության վերոնշյալ փաստաթղթի հիման վրա անցկացնելու պահանջով հնարավորություն է ստեղծվում բեկել այդ գործընթացը՝ տեղափոխելով այն միջազգայնորեն ճանաչելի սկզբունքների հուն:

Ուստի պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը և սահմանազատումն իրականացնել ԵԱՀԿ Քարտուղարության 2017թ դեկտեմբերին ընդունված ‹‹Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում: Հրատապ հարցեր և լուծումներ›› վերնագիրը կրող փաստաթղթի հիման վրա: Հակառակը՝ կործանարար է:

ՀՀ Նախկին Վարչապետ
ՀՀ ԱԺ նախկին Նախագահ
Խոսրով Հարությունյան
30.04.2024թ››:

  • Կիսվել: