երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Մետրոյի տոմսն այլևս ժետոնով չի լինի. կգործեն QR կոդերով և վճարման այլ միջոցներով համակարգեր

Մետրոյի տոմսն այլևս ժետոնով չի լինի. կգործեն QR կոդերով և վճարման այլ միջոցներով համակարգեր

Երևանի մետրոպոլիտենի տոմսեր չեն լինի ժետոններով, կգործի QR կոդերով և այլ համակարգերով վճարելու տարբերակը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Այս պահին փոխարինվում են մետրոյի չաշխատող անցարգելները: Հին անցարգելները, որոնք աշխատում են, դեռևս չեն փոխարինվում, որովհետև նորերը ժետոնային համակարգով չեն աշխատում:

«Մենք ոչ մի կրիտիկական խնդիր չունենք, բայց որոշակի կարգաբերումների հարց ունենք: Այդ կարգաբերումները իրականացնելուց հետո և համոզվելուց հետո, որ ամբողջությամբ նոր անցարգելները պատրաստ են սպասարկելու ուղևորահոսքը, նաև կփոխարինվեն մյուս անցարգելները, որից հետո արդեն այլևս ժետոնով ուղևորավարձի վճարում, տոմսն այլևս ժետոնով չի լինի, այլ կլինի QR կոդերով և պայմանագրով նախատեսված ժամկետներով՝ նաև վճարման այլ միջոցներով՝ բանկային քարտերով և այլն»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:

Նշենք, որ նախատեսվում է փոխարինել ընդհանուր առմամբ 49 անցարգել: Աշխատանքները կավարտվեն մեկ ամսվա ընթացքում։

  • Կիսվել: