երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել է «ՀՀ և ԵՄ միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը

Քննարկվել է «ՀՀ և ԵՄ միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը

ԵՄ խորհուրդը դեռևս 2022 թվականին հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում` երկու ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվեց Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը: 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը երկրորդ որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով: Ավելին՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ խորհուրդը որոշեց ընդլայնել քաղաքացիական առաքելության կազմը, ինչը հնարավորություն տվեց մեծացնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով առաքելության մշտադիտարկման կարողությունները: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 12-ի նիստում: Օրակարգում ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն էր:

«Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը: Հայկական կողմը մեծապես կարևորում է ինչպես սույն, այնպես էլ Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները»,- նշել է Պարույր Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ ԵՄ-ն մեկնարկ է տվել քաղաքացիական առաքելություններին 2003 թվականից ի վեր եվրոպական, աֆրիկյան, ասիական մի շարք երկրներում` գործարկելով 37 քաղաքացիական և ռազմական առաքելություններ: Ներկայում գործում է 21 առաքելություն՝ 12 քաղաքացիական և 9-ը՝ ռազմական: «Կարելի է նկատել, որ քաղաքացիական առաքելությունը նպաստել է միջադեպերի նվազեցմանը. ԵՄ համապատասխան հաստատությունները, անդամ երկրներն առավել տեղեկացված են իրավիճակի վերաբերյալ: Միևնույն ժամանակ դիտորդների ներկայությունն առավել դրական հոգեբանական մթնոլորտ են ստեղծում բնակչության համար»,- ընդգծել է արտաքին գործերի նախարարի տեղակալը: Ըստ հիմնական զեկուցողի` քաղաքացիական առաքելության սահուն գործունեությունը կարևորվում է ոչ միայն Հայաստանի արևելյան սահմաններին կայունության ապահովման, այլև ԵՄ-Հայաստան քաղաքական հարաբերությունների մերձեցման արագընթաց գործընթացների տեսանկյունից:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների քանակի, գործառույթների, դերակատարության վերաբերյալ` կարևորելով անվտանգության ոլորտում բազմավեկտոր քաղաքականության շարունակականությունը:

Քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն առաջարկվել է ընդգրկել հերթական նիստերի օրակարգի նախագծում:

  • Կիսվել: