չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին

Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:

ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներին շարունակական աջակցության եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության համար:

Կողմերը քննարկել են անվտանգային եւ տնտեսական իրավիճակն Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում:

ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Հարավային Կովկասում հարատեւ խաղաղություն հաստատելու գործում՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման անհրաժեշտությունը:

Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԵՄ առեւտրատնտեսական եւ էներգետիկ համագործակցության հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը:

Ինգրիդա Շիմոնիտեն շեշտել է, որ Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում:

  • Կիսվել: