ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մինչև 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանի ամբողջ տարածքում կտնկվի 10 մլն ծառ

Մինչև 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանի ամբողջ տարածքում կտնկվի 10 մլն ծառ

Երեկ Կապանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին, հայտարարեց, որ «10 մլն ծառատունկի» ծրագիրն արդեն մտել է գործնական փուլ։ 

«Ծրագիրը կիրականացվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի հարակից Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ և Ուրցաձոր համայնքներում: Այն ունի սոցիալ-տնտեսական բովանդակություն՝ անտառամերձ տարածքների բնակիչներին եկամտի այլ աղբյուրներ ի ցույց դնելու և այս հարցում նրանց աջակցելուն միտված»,- ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի որոշ ընկերություններ արդեն պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ծառատունկին, տնկիներ ձեռք բերելու համար համաձայնություն է ձեռք բերվել Իրանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Վրաստանի հետ։

ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ 2019-ին առաջին անգամ պետբյուջեից անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների կատարման նպատակով «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 424 մլն դրամ, որի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

150 հա անտառապատում, որից 10 հա ցանքսի, 140 հա` տնկման միջոցով, 200 հա բնական վերաճի օժանդակում հանքայնացման միջոցով, 460 հա կոճղաշիվային վերականգնման աջակցում, 26 հա նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում, 5,8 հա տնկարանի ցանքս, 28000 կգ անտառային սերմերի մթերում։ Գնվել է`8 տրակտոր, 8 անտառային գութան, 8 գյուղատնտեսական գութան, 4 փոսահատ մեքենա, 21 տոննա  տորֆ, իսկ աշխատանքների իրականացման համար 940 աշխատակից ընդունվել է սեզոնային աշխատանքի:

  • Կիսվել: