Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյանը դուրս է եկել ոստիկանության Հրազդանի բաժնից
ԱԺ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ում այսօր Երեւան-Սեւան մայրուղում բողոքի ակցիայի ժամանակ բերման էին ենթարկել, մանրամասներ պատմեց իրեն բերման ենթարկելու դեպքից:
Նա արդեն դուրս է եկել ոստիկանության Հրազդանի բաժնից:
«Քաղաքացիական հագուստով ոմն մեկը, ով ակներեւաբար ոստիկանության կամ ուժային կառույցի ներկայացուցիչ է, ասաց՝ այստեղ ձեր բողոքի ակցիան մի կազմակերպեք: Ես ասացի՝ այսպիսի իրավիճակ է հանրապետությունում, դուք ի՞նչ եք առաջարկում, եթե թուրքերը ճանապարհը փակեն, էլի դուք ճանապարհը բացելո՞ւ եք: Նա միայն ասում էր՝ ինձ հարցեր մի տուր: Նյարդային մարդ էր, նյարդերը չդիմացան, ուժ գործադրելով բերման ենթարկեցին, բարձրացրեցին երրորդ հարկ, անմիջապես ներքեւ իջացրեցին: Հիմա ես մի քանի անգամ փորձում եմ ներս մտնել, հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել: Հերթապահ ոստիկանները խոստանում են ճշտել ու տեղյակ պահել, բայց դեռ ոչինչ հայտնի չէ:
Ես ուզում եմ հանդիպել իրենց ղեկավարության հետ, հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ: Անկախ ամեն ինչից ես ոչ մի կարգ չեմ խախտել, միայն փորձել եմ հասկանալ՝ իսկ եթե թուրքերը ճանապարհ փակեն, արդյոք իրենք նույն ջանասիրությամբ ճանապարհը բացելու են: Այդ հարցն իրենց ակներեւաբար իրենց շատ զայրացրեց»,-ասաց Արթուր Խաչատրյանը:
Նա հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ոստիկանապետության եւ բռնակալության դրսեւորումներ են: