կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրում համաձայնեցված սկզբունքներն ամրագրելու համար․ Ռուբեն Ռուբինյան

Հայաստանն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրում համաձայնեցված սկզբունքներն ամրագրելու համար․ Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը պատրաստ է և ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրում համաձայնեցված սկզբունքներն ամրագրելու համար, սակայն նույն պատրաստակամությունը չի տեսնում Ադրբեջանի կողմից։

Անթալիայում տեղի ունեցող դիվանագիտական համաժողովի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ 

«Հայաստանը պատրաստ է և ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրում համաձայնեցված սկզբունքներն ամրագրելու համար։ Այդ դեպքում խաղաղությունը բավականին հասանելի է, սակայն մենք նույն պատրաստակամությունը չենք տեսնում Ադրբեջանի կողմից։

Այդ սկզբունքներն են՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը Ալմաթիի հռչակագրի համաձայն, սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացումը նույնպես Ալմաթիի հռչակագրի համաձայն, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության հիման վրա»,- նշեց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախագծում կա 2 համաձայնեցված դրույթ, որոնք լուծում են այդ հարցերը։

«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և չեն ունենա և կողմերը չեն կարող վկայակոչել ներքին օրենսդրությունը խաղաղության պայմանագրի դրույթները չկատարելու համար:

Եթե Ադրբեջանը հաստատում է այդ կետերը, ապա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել»,- ընդգծեց Ռուբինյանը։

ԱԺ նախագահի տեղակալը վստահեցրեց՝ Հայաստանը չի գնում ռազմականացման ճանապարհով, Հայաստանն ուժեղացնում է իր պաշտպանությունը։

«Ակնհայտ է, որ Հայաստանն ունի անվտանգության խնդիրներ, և մենք իրավունք ունենք բարելավել մեր պաշտպանությունը»,- ավելացրեց Ռուբինյանը։

  • Կիսվել: