երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայերը պետք է  անվտանգ ապրեն Արցախի մեր հայկական հողում. Գագիկ Ծառուկյան

Հայերը պետք է անվտանգ ապրեն Արցախի մեր հայկական հողում. Գագիկ Ծառուկյան

Կորցրել ենք Արցախը, ունենք 100 հազարից ավելի փախստականներ, այսօր Բաքվի բերդերում են մեր հայրենակիցները, այսօր տվել ենք Ամարասն ու Գանձասարը, այդ ամենը տեսնելով՝ ի՞նչ կարող ենք մենք ամփոփել, ամփոփելու բան չունենք... Այս ամսին այսօր Կենտրոն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

՛՛Այսօրվա կարգավիճակը շատ բարդ է, ցանկացած պահի հնարավոր է՝ իրավիճակը փոխվի, ու այս կյանքվ ապրում ենք արդեն մի քանի տարի՛՛,-հավելել է նա՝ նշելով, որ Նոր տարվա երեկոյան պետք է Աստծուց խնդրի, որ Աստված մեր ժողովրդից, մեր երկրից երես չթեքի:

՛՛Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, Աստված մեր երկրին տա խաղաղություն, հզորություն, ժողովրդին էլ բարեկեցություն՛՛,-ասել է Ծառուկյանը:

Խոսելով եկող տարվա նպատակների եւ ռիսկերի մասին՝ Ծառուկյանը նշել է. ՛՛Առաջնահերթ պետք է թուլացնել լարվածությունը սահմաններում, որպեսզի բացառենք նոր պատերազմի հնարավորությունը:

Մյուս մեր նպատակը, որ պետք է լինի, Արցախի մեր հայկական հողում հայերն անվտանգ ապրեն, սա պետք է լինի մեր նպատակը: Մենք պետք է կարողանանք Հայստանում կազմակերպել արցախցիների կյանքը, մինչեւ այդ հարցը կարգավորվի, կազմակերպել արժանապատիվ կյանք: Սրանք են լինելու մեր առաջնահերթ նպատակները մեկ տարվա կտրվածքով՛՛:

Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ առաջնահերթ պետք է ատելության մթնոլորտը վերացվի, եթե լինի հաշտություն, համերաշխություն, ինքնըստինքյան բոլոր խնդիրները կլուծվեն:

՛՛Այսօր ընտանիքներ են բաժանվում, բարեկամները միմյանց հետ չեն խոսում, հարեւաններն իրար չեն բարեւում, այնտեղ հաշտություն կամ զարգացում չի կարող լինել: Մենք պետք է միասնական լինենք, կողք կողքի լինենք, իրար հասկանանք, գնահատենք, որ մարդու գործը գնահատես: Պետք է թշնամանքը վերանա, եւ հաշտություն ու համերաշխություն լինի: Եթե դրա համար կուսակցությունները պետք է վերանան, թող վերանան, որովհետեւ մենք պետություն ենք կորցնում: Մենք պետք է պետություն ունենանք, մենք հպարտ, ուժեղ, հարգանք վայելող ազգ ենք եղել,  բայց այսօր դա չկա՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: