կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բարոյական տեսանկյունից խնդրահարույց է պետական բյուջեի հաշվին կորպորատիվ քեֆ կազմակերպելը. Վարուժան Հոկտանյան

Բարոյական տեսանկյունից խնդրահարույց է պետական բյուջեի հաշվին կորպորատիվ քեֆ կազմակերպելը. Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը բարոյական տեսանկյունից խնդրահարույց է համարում պետական բյուջեի հաշվին ամանորյալ տոնական քեֆ-ուրախություններ կազմակերպելը:

«Եթե կորպորատիվ քեֆ են կազմակերպում ի հաշիվ պետության բարոյական տեսանկյունից խնդրահարույց է», -Info Port.am-ի հետ զրույցում ասաց Վարուժան Հոկտանյանը՝ մեկնաբանելով Երևանի վարչական շրջանների ղեկավարների մտադրությունը տարեվերջյան քեֆ-ուրախություն կազմակերպելու մասին:

Նրա խոսքով, եթե ֆինանսական այդ միջոցները խնայվել են ու խնայված միջոցներով էլ քեֆ են կազմակերպում, ճիշտ չէ, քանի որ միգուցե վերելակների նորոգման հաշվին են գումարներ խնայել:

«Նման մեթոդները սիրուն չի, ինչպես նախկին կլասիկներից մեկն էր ասում»,- նկատեց Հոկտանյանը:

Նշենք, որ իր հարցազրույցներից մեկում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտարարել էր, որ 2 մլն դրամ բյուջեից տրամադրվելու է ռեստորաններից մեկում ամանորյա տոնական միջոցառման կազմակերպման նպատակով:

Նա նաև ասել էր, որ չի կարծում, թե սխալ են անում. «Եթե կորոշվի մեկ ընդհանուր ձևաչափով ընդհանրապես չանել նմանատիպ միջոցառումներ, ապա մենք էլ չենք անի», factor.am-ին ասել էր Մկրտչյանը: «Եթե այդպես նախատեսվում է բյուջեով, ապա դա արատավոր բյուջե է:

Կորպորատիվ, խնդրեմ, կազմակերպեք, դա ձեր իրավունքն է, բայց ձեր սեփական միջոցներով, ոչ թե բյուջեի հաշվին: Ստացվում է՝ օրինական ծախս է, բայց բարոյական չէ», -մեզ հետ զրույցում հավելեց Վարուժան Հոկտանյանը:

  • Կիսվել: