շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ազգային առաջընթաց» կուսակցության դիրքորոշումը ներքին և արտաքին գործընթացների շուրջ

«Ազգային առաջընթաց» կուսակցության դիրքորոշումը ներքին և արտաքին գործընթացների շուրջ

"Հայաստանում և նրա շուրջ ստեղծված ծայրահեղ անկայուն և պայթունավտանգ այս իրավիճակում հրամայական է քաղաքական ուժերի կողմից ազնիվ ու բաց գործելաոճի որդեգրումը՝ ժողովրդի հետ երկխոսության ժամանակ։

Իշխանության մաս կազմող կամ իշխանության հավակնող քաղաքական ուժերը և գործիչները պետք է հստակ պատասխանեն հետևյալ երկու հարցին`

1. Արդյոք վավեր է Նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությունը, թե ոչ։

2. Պետք է արդյոք իրականացնել սահմանազատում և սահմանագծում, թե ոչ։

Ելնելով վերոգրյալից, օրվա հրամայական է դարձել քաղաքական ուժերի կողմից իրենց դիրքորոշման արտահայտումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ։ Սա շատ առանցքային հարց է, քանզի այդ փաստաթղթի առկայությունը իր մեջ պարունակում է թաքնված վտանգներ «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբացման կամ օրակարգում պահելու տեսակետից։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը դեռ Արցախի բռնի հայաթափումից հետո հանդես եկավ այդ եռակողմ հայտարարությունից ՀՀ-ի հրաժարման վերաբերյալ հայտարարությամբ և անհասկանալի է, թե ինչու են ՀՀ ներկա իշխանությունները այս հարցում դեռ հապաղում։

Այդ եռակողմ հայտարարությունը առարկայազրկվել է և փաստացի չեղարկվել ռուս֊ադրբեջանական գործողությունների արդյունքում։

Երկրորդ առանցքային հարցը, որը այսօր ալեկոծում է մեր հանրությանը, սահմանազատման թեման է, իշխանությունների տեսակետը այս հարցում շատ պարզ է` գնալ զիջումների, իսկ հասարակությանը ահաբեկել նոր ենթադրյալ պատերազմի վախով, բնականաբար, գործող իշխանությունները նշված օրակարգից շեղվելու մտադրություն չունեն։

«Ազգային առաջընթաց» կուսակցության դիրքորոշումը այս հարցի շուրջ հստակ է՝ ԵԹԵ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ, ԱՊԱ ԱՅՆ ՊԵՏՔ Է ՍԿՍՎԻ ԱՅՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՑ, ՈՐՏԵՂ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏԵԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ, ՏԱՐԲԵՐ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՈՒՄ, ԱՅԼԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՎԵՐԱԾՎԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՍՏԱԿ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԻ։

Հասկանալի է, որ այս օրակարգով սահմանազատում կատարելը ներկայիս իշխանությունների օրոք անհնարին է, քանզի նրանք արդեն հնչեցրել են իրենց օրակարգը, հարմարվել են անընդհատ զիջողի հեշտ կարգավիճակին և իրենց որդեգրած քաղաքականությունից նահանջել չեն պատրաստվում։

Միաժամանակ, մենք համոզված ենք, որ իշխանությունից գործող վարչախմբի հեռացումը հնարավոր է, երբ բոլոր նախկին վարկաբեկված ուժերն ու գործիչները չլինեն ներգրավված ժողովրդական պայքարի մեջ",- նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: