երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը շարունակել է ԱԹՍ-ներով հարձակումն Ուկրաինայի վրա

Ռուսաստանը շարունակել է ԱԹՍ-ներով հարձակումն Ուկրաինայի վրա

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի առավոտյան հայտարարել են, որ հանրապետության տարածքը գիշերը Ռուսաստանի կողմից ենթարկվել է «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, գրում է BBC-ն: Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է խոցել 42 կամիկաձե անօդաչու թռչող սարքերից 38-ը՝ Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Խերսոնի, Խմելնիցկիի, Չերկասիի, Խարկովի, Վիննիցայի և Սումիի շրջանների սահմաններում:

Ուկրաինացի զինվորականներն իրենց զեկույցում գրում են, որ անօդաչուների խմբերը գործի են դրվել Ղրիմի երկու զորավարժարաններից, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասից և Կուրսկի շրջանից։

Օդեսայի շրջանում գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 18 անօդաչու թռչող սարք, որոնց բեկորներից մարզում վնասվել են գազատարը և մասնավոր հատվածի տներ: Ուկրաինայի Հարավային պաշտպանության ուժերի ներկայացուցիչ Նատալյա Գումենյուկի խոսքով՝ ռուս զինվորականները փորձել են գրոհել նավահանգստի ենթակառուցվածքը։

Ռուսական կողմը չի մեկնաբանել հայտարարությունները:

  • Կիսվել: