երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը

Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը

Ապրիլի 29-ին Արմավիրի քաղաքային մշակույթի պալատում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված քաղաքի հայկական հասարակական կազմակերպության ստեղծման 35-ամյակին։

Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության կազմի մեջ՝ որպես Արմավիրի տեղական բաժանմունք։

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Արմավիրի եզակի քարտեզի շնորհանդեսը՝ ընդլայնված իրականության էֆեկտներով։ Քարտեզի ստեղծումը նվիրված է քաղաքի հիմնադրման 185-ամյակին: Այս քարտեզը ստեղծելիս հիմք է ընդունվել 20-րդ դարասկզբի քարտեզը, որի վրա պատկերված են Արմավիրի հայերի պատմամշակութային ժառանգությունն արտացոլող օբյեկտների անվանումները:

Հիշեցնենք, որ Արմավիրի ծննդյան օրը 1839 թ․ ապրիլի 21-ն է։ Այդ ժամանակ գեներալ Գ.Խ. Զասի հրամանով Կուբանի ձախ ափ են ուղեկցվել լեռնային հայերը, ովքեր դարձել են նոր աուլի (գյուղի) առաջին վերաբնակները։ Սկզբում բնակավայրը կոչվել է Հայկական աուլ, իսկ 1841 թ․ ստացել է Հայոց թագավորության հնագույն մայրաքաղաքի անունը՝ Արմավիր։

Այսօր քաղաքի մոտ երկու հարյուր հազար բնակչությունը բազմազգ է և ապրում է որպես համերաշխ ընտանիք: Արմավիրը զարգանում է որպես մշակութային և արդյունաբերական կենտրոն, և Արմավիրի հայերը առայսօր շարունակում են մեծ ներդրում ունենալ քաղաքի զարգացման գործում։

  • Կիսվել: