կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպումից հետո պատրաստակամություն է հայտնել հետաձգել Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա

Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպումից հետո պատրաստակամություն է հայտնել հետաձգել Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ  մարտի 17-ին կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ պատրաստ է հետաձգել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) կողմից ավելի վաղ հայտարարված հարձակումը Գազայի հատվածում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ բնակիչները գտնվում են «թակարդում»:

Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, հանդիպման ժամանակ կանցլերն Իսրայելին «ավելի երկար հրադադարի» շուրջ բանակցություններ վարելու կոչ է արել։

Շոլցի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի նպատակն առաջվա պես «Ռաֆահում մնացած (ՀԱՄԱՍ-ի) ահաբեկչական գումարտակները ոչնչացնելն է»։ Նա հավելել է, որ Իսրայելը դա չի անի «քանի դեռ մենք բնակչությանը պահում ենք տեղում»։

Կանցլերը ևս մեկ անգամ խստորեն նախազգուշացրել է հարձակում չիրականացնել Գազայի հատվածի հարավում, որտեղ հարյուր հազարավոր պաղեստինցիներ են ապաստանել վերջին ամիսներին: Շոլցը նշել է, որ 1,5 միլիոն մարդ Ռաֆահում գտնվում է ծայրահեղ ծանր պայմաններում, ունի պաշտպանության կարիք և չունի գնալու տեղ։

Ըստ հրապարակման՝ Շոլցը նաև հումանիտար օգնության հետ կապված իրադրության զգալի բարելավում է պահանջել։

«Մենք չենք կարող մի կողմ կանգնել և նայել, թե ինչպես են պաղեստինցիները սովից մահանում, - ասել է նա: - Անհամեմատ ավելի շատ մարդասիրական օգնություն է անհրաժեշտ, մշտապես և հուսալիորեն»:

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 31 600-ը։

  • Կիսվել: