Կահիրեում վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները
Կահիրեում երկուշաբթի օրը Իսրայելից պատվիրակության ժամանումից հետո վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները, տեղեկացնում է EFE-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրը, մասնավորապես, ասել է. «Իսրայելական պատվիրակությունը հանդիպել է Եգիպտոսի հետախուզության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ, որը Քաթարի հետ միասին որպես միջնորդ է հանդես եկել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցություններում»:
Նա նաև հայտնել է, որ Եգիպտոսը և Քաթարը պատասխանատու են լինելու ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին տեղեկատվություն փոխանցելու համար, որոնք այս անգամ ներկա չեն բանակցություններին՝ «միջնորդների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով»։
Հաղորդվում է, որ բանակցությունների այս փուլի նպատակն է պարզել, թե արդյոք անհրաժե՞շտ է Գազայի հատվածում հրադադարի շուրջ երկխոսությանը ներգրավել Իսրայելի հետախուզական ծառայության՝ Մոսադի բարձրաստիճան պաշտոնյաներին։