կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Արեւմտյան գործընկերները պետք է աջակցեն ուկրաինական պատասխաններին». Զելենսկին՝ քննադատության մասին

«Արեւմտյան գործընկերները պետք է աջակցեն ուկրաինական պատասխաններին». Զելենսկին՝ քննադատության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ արեւմտյան գործընկերները պետք է աջակցեն ռուսական ենթակառուցվածքին հասցվող հարվածներին՝ ի պատասխան ուկրաինական տարածքների գնդակոծությունների, տեղեկացրել է «Украинская правда»-ն։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Սթուբի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է ՄԱԿ կոչերը՝ դադարեցնելու Ռուսաստանում քաղաքացիական ենթակառուցվածքի դեմ գրոհները Թաթարստանում անօդաչուների գրոհներից հետո։

 

Զելենսկին շնորհակալություն է հայտնել «միջազգային տարբեր կազմակերպություններին, որոնք մշտապես ինչ-որ բան դատապարտում են»։ Նա առաջարկել է այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին գալ Խարկով, որը ՌԴ զորքերը մշտապես գնդակոծում են, իսկ հետո «ինչ-որ բան դատապարտել»։

Ինձ թվում է, ասել է նա, որպեսզի ի վերջո հասկանան, թե ինչպես դիմանալ Խարկովում, ինչպես մարդիկ ապրեն առանց լույսի, առանց ջրի, պետք է, հավանաբար, գալ, տեսնել ու հետո ինչ-որ բան դատապարտել կամ ոչ։ Ռուսաստանը ուժից բացի այլ բան չի հասկանում։

Եվ բոլոր դատապարտումները մեր տարածքի անօրինական օկուպացիայի մասին, մեր էներգետիկային հասցվող հարվածների մասին, բլեքաուտները, որոնք մենք ապրել ենք այս երկու տարում, մեր ենթակառուցվածքի, հիդրոէլեկտրակայանների խափանումները... Այս բոլոր դատապարտումները չեն հանգեցրել ՌԴ գրոհների թվի նվազման։

Դա վկայում է այն մասին, որ այդ մարդիկ հասկանում են միայն այն, երբ կա հզոր պատասխան, ուստի ես կարծում եմ, որ մեր արեւմտյան գործընկերները պետք է աջակցեն ուկրաինական պատասխաններին։

2024թ. սկզբից ուկրաինական անօդաչուները ավելի քան 10 գրոհ են ձեռնարկել ռուսական նավթավերամշակման գործարանների եւ նավթի պահեստարանների դեմ։ Reuters-ի հաշվարկով՝ առնվազն յոթ ռուսական գործարան դադարեցրել է նավթի վերամշակումը ուկրաինական անօդաչուների գրոհների պատճառով 2024թ. առաջին եռամսյակում։

Financial Times-ը գրել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել գրոհները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ։ Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը երկյուղներ ունի, որ անօդաչուների հարվածները ՆՎԳ-ների դեմ կարող են հանգեցնել նավթի համաշխարհային գների բարձրացման, ինչպես նաեւ Մոսկվային դրդել պատասխան միջոցների։

Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն չի աջակցում ուկրաինական անօդաչուների գրոհներին ռուսական էներգետիկ ենթակառուցվածքի դեմ։ Նա նշել է, որ այդ գրոհների ժամանակ Ուկրաինան կիրառելէ սեփական դրոնները։

  • Կիսվել: