ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արաբկիրի ամենախորքային խնդիրներից է այգիների և բակերի վերադարձը բնակչությանը, այդ հարցում արդեն ունենք շոշափելի հաջողություն․ Արամ Ազատյան

Արաբկիրի ամենախորքային խնդիրներից է այգիների և բակերի վերադարձը բնակչությանը, այդ հարցում արդեն ունենք շոշափելի հաջողություն․ Արամ Ազատյան

Գաղտնիք չէ, որ համայնքային իշխանությունների աշխատանքը քաղաքացիների կողմից ամենա մանրազնին դիտարկվողներից և շատ քննադատվողներից է։ Ինչու՞, որովհետև այն առնչվում է բոլորիս ու յուրաքանչյուրիս առօրյային, ամենա արդիական և հաճախակի ծագող խնդիրներին և հարցերին։ Սակայն այդ բողոքների և քննադատությունների ֆոնին մենք շատ դեպքերում չենք էլ նկատում, թե այդ նույն համայնքային իշխանությունները, հաճախ շատ սեղմ ռեսուրսներով ու կարճ ժամկետներում, ինչ հսկայածավալ աշխատանք են կատարում։ Դրանում կարելի է համոզվել, օրինակ, ծանոթանալով Արաբկիր համայնքում իրականացվող լայնամասշտաբ ծրագրերի և բարեփոխումների հետ, որոնք մեզ հետ զրույցում ներկայացրեց Վարչական շրջանի ղեկավար՝ Արամ Ազատյանը․․․      

Պարոն Ազատյան, արդեն երկու տարի է, ինչ Դուք ղեկավարում եք մայրաքաղաքի բնակչության թվով ամենամեծ համայնքներից մեկը՝ Արաբկիր վարչական շրջանը։ Ի՞նչ աշխատանք եք հասցրել կատարել այս երկու տարում։

-Լինելով արաբկիրցի, ելնելով այն հանգամանքից, որ ծնվել և մեծացել եմ Արաբկիրում, ի սկզբանե լավ եմ պատկերացրել մեր բնակչության խնդիրները: Տվյալ փաստը նաև նպաստում է Արաբկիրի շարունակական զարգացման ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնելուն։

Արաբկիրը, լինելով Երևանի ամենագեղեցիկ և տարբերվող վարչական շրջաններից մեկը, ուրույն կառավարման մոտեցումներ և խորքային լուծումներ է պահանջում յուրաքանչյուր հարցի լուծման ժամանակ և համայնքի կառավարման ողջ պրոցեսում։

Ինչ վերաբերվում է այն հարցին, թե այս երկու տարվա մեջ ինչ ծրագրեր ենք հասցրել իրականացնել՝ բազում ծրագրերի շարքում կառանձնացնեի Արաբկիր մանկական զբոսայգու հիմնանորոգումը, Մամիկոնյանց-Խաչատրյան նոր ճանապարհի կառուցումը և այլ աշխատանքներ: Չափազանց մեծ ձեռքբերում եմ համարում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շենքի առաջին հարկում ստեղծված, ամենաբարձր չափորոշիչներով գործող «Մեկ պատուհան» ծառայությունը: Գեղեցիկ և հարմարավետ միջավայր, որտեղ  կարողանում ենք ապահովվել մասնագիտացված անհատական մոտեցում մեր բոլոր բնակիչներին:

Ո՞րոնք են, ըստ Ձեզ, Արաբկիր վարչական շրջանի ամենաակտուլ խնդիրները և ինչպե՞ս եք պատրաստվում դրանք լուծել։

-Արաբկիրի ամենախորքային խնդիրներից է այգիների և բակային տարածքների վերադարձը բնակչությանը: Բոլորիս հայտնի է, որ դրանք տարիների ընթացքում ծանրաբեռնվել են ավտոտնակներով, անօրինական տարբեր տիպի շինություններով: Վաղուց ժամանակն է, որպեսզի Արաբկիրին վերադարձնենք փողոցների և բակերի երբեմնի գեղեցկությունը: Արաբկիրցին կհաստատի, որ արդեն իսկ ունենք շոշափելի ձեռքբերումներ այդ հարցում։ Արդեն նշեցի Արաբկիր մանկական զբոսայգու, Մերգելյան այգու, Մհեր Մկրտչյան հրապարակի և բազմաթիվ բակերի բացազատումը անօրինական շինություններից: Միայն Մերգելյան զբոսայգում ապամոնտաժվել է շուրջ 29 միավոր շինություն և կոնստրուկցիա: Նշեմ, որ այս պահին մեծ ծավալով շինարարական աշխատանքներ են տարվում: Սեպտեմբեր ամսին արաբկիրցիները կունենան շատ գեղեցիկ և հարմարավետ նոր զբոսայգի:  Առանց մանրամասնելու ասեմ, որ չնայած տարին նոր է սկսվել, բայց արդեն իսկ հասցրել ենք համայնքին վերադարձնել մոտ 30 000քմ նախկինում զավթված հողատարածք:

Աշխատանքի ընթացքում ի՞նչ խոչընդոտների եք բախվում և ինչպե՞ս եք դրանք հաղթահարում։

-Բնականաբար ամեն նոր բան առաջացնում է նաև անհանգստություն և դժգոհություններ: Հիմնականում դրան բախվում ենք ապամոնտաժման և բակերի բացազատման ժամանակ, սակայն վերջերս արաբկիրցին սկսել է ըմբռնումով մոտենալ իրականացվող բարեփոխումներին, շատերը նույնիսկ իրենց նախաձեռնությամբ են ապամոնտաժում ավտոտնակները և ապօրինի այլ կառույցները: Մնացած խոչընդոտներն աշխատանքային են, որոնք հեշտությամբ կարգավորվում են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի արհեստավարժ մասնագետների թիմային աշխատանքի  շնորհիվ: Շատ եմ կարևորում կապի ամրապնդումը համայնքի բնակիչների և տեղական կառավարման մարմինների միջև, վստահությունը միմյանց նկատմամբ: 

Ձեր պաշտոնավարման ընթացքում քանի՞ բակ է բարեկարգվել և մինչև տարվա վերջ քանի՞ բակ կհասցնեք հիմնանորոգել, ընդհանրապես ի՞նչ խոշոր ծրագրեր ունեք:  

-Հիմնանորոգել ենք 16 բակային տարածքներ: Այս պահին շինարարական մրցույթ է ընթանում 9 բակային տարածքի հիմնանորոգման համար, շների զբոսայգու կառուցման շինմրցույթը կայացել է, շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները: Ունենք ևս 14 բակային տարածքների հիմնանորոգման նախագծեր, որոնք ընթացքի մեջ են: Բոլոր բակերում, որտեղ տարածքային հնարավորությունները թույլ են տալիս, կառուցում ենք բազմաֆունկցիոնալ նշանակության մարզադաշտեր, որպեսզի երեխաներն ու պատանիները, և ինչու ոչ նաև մեծերն իրենց բնակության վայրին մոտ սպորտով զբաղվելու հնարավություն ունենան:

Ինչ վերաբերվում է խոշոր ծրագրերին՝ առաջիկայում նախատեսել ենք Մամիկոնյանց-Խաչատյան նոր ճանապարհին մոտ ճեմուղու և կից զբոսայգու կառուցում: Հատկանշական է, որ զբոսայգին կառուցվելու է մի վայրում, որը ներկայումս ամբողջովին ծանրաբեռնված է ավտոտնակներով, սակայն դրանք շուտով կապամոնտաժվեն և տարածքը կկանաչապատվի։ Այստեղ ունենալու ենք մարզադաշտ, խաղահրապարակ, շատրվաններ: Ինչ վերաբերում է ճեմուղուն, ապա այն միացնելու է Կոմիտասի պողոտան Հ. Էմին փողոցին, նախկին գնացքի գծերի ուղիով: Մոտակա կրթօջախների սաները, բազմաբնակարան շենքերի ու տների բնակիչները հնարավորություն կունենան բարեկարգ, գեղեցիկ և լուսավորված ճանապարհով ճեմել օրվա ցանկացած ժամին:

Մեր մյուս խոշոր ծրագիրը դեռևս նախագծման փուլում է: Երևանի Հյուսիսային մուտք համարվող Թբիլիսյան խճուղու վերջնամասում գտնվող մեծ զբոսայգին, որը ներկայումս վերածվել է ամայի տարածքի, կանաչապատվելու և բարեկարգվելու է:

Վերականգնվելու է նաև  մայրաքաղաքի մուտքը խորհրդանշող հուշարձանը:

Հարկ է նշել, որ հիմնանորոգվող բոլոր հատվածներում անցկացվում է ոռոգման նոր ցանց և տեղադրվում են լուսավորության նոր համակարգեր:

Եթե դեմ չեք, հաջորդ հարցերը բլիցի տեսքով․․․

Աշխատանքում Ձեր կրեդոն…

Կարգապահություն, այսօրվա գործը վաղվան չթողնել …

Երևանը Ձեզ համար…

Տուն, ընտանիք․․․

Հայաստանը, հայրենիքը, պետությունը․․․

Բացարձակ արժեք․․․

Եվ վերջում․․․ Ձեր խոսքը արաբկիրցիներին և ընդհանուր առմամբ երևանցիներին․․․

-Հարգելի արաբկիրցիներ և մայրաքաղաքի սիրելի բնակիչներ, մեր պետության առջև ծառացած են բազում խնդիրներ, ժամանակ առ ժամանակ քաղաքային հոգսերն մոռացվում են, սակայն Երևանն ունի մեր բոլորիս մշտական հոգածության կարիքը: Սիրենք և պահպանենք մեր քաղաքը․․․․

  • Կիսվել: