հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տնտեսության խնդիրները մեծանում են. ԿԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի 6,2% անկում

Տնտեսության խնդիրները մեծանում են. ԿԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի 6,2% անկում

Հայաստանի տնտեսության անկումը խորանում է: Համաձայն Կենտրոնական բանկի կախնատեսման, 2020թ. ՀՆԱ-ի անկումը կկազմի 6,2 տոկոս, որը 2,2 տոկոսով գերազանցում է նույն կառույցի նախորդ կանխատեսումը:

ԿԲ նախագահ Մարտին Գալաստյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացրեց անկման խորացման պատճառները: Դրանք են գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների, արդյունաբերության և սպառման ոլորտների խնդիրները: «Այդ ոլորտներում անկումը սպասվածից առավել է եղել», - ասաց Գալաստյանը:

Մասնավոր սպառման անկումը 2020 թ. ԿԲ-ն կանխատեսում է 9,4%, մասնավոր ներդրումների անկումը՝ 20%, մասնավոր ծախսումների կրճատումը՝ 10,8%: «Գնաճի ցուցանիշը 2020 թ. կկազմի 2,5%», - ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահը կարծում է, որ ստեծված ճգնաժամային իրավիճակում կարևորվում է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը: «Կենտրոնկան բանկն իր հերթին պատրաստ է բանկերին ապահովել անհրաժեշտ լիկվիդայնությամբ» - ասաց Գալաստյանը՝ հիշեցնելով «ֆինանսական դոպինգի» մասին:

ԿԲ խորհուրդն այսօր որոշել է 0,25% տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 4,25%: Այս տարվա մեջ սա չորրորդ անգամն է, որ ԿԲ վերանայում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նվազման միտումով:

Միևնույն ժամանակ ԿԲ նախագահը հստակ ցուցանիշներ չնշեց, թե ինչ ազդեցություն է ունեցել վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերական նվազեցումը տնտեսության վրա: Նա նաև չասաց, թե ինչ ազդեցություն կունենա դա առևտրային բանկերի տրամադրած վարկերի տոկոսադրույքների վրա:

«Անորոշությունը մեծ է՝ պայմանավորված առողջապահական ճգնաժամով», - մի քանի անգամ կրկնեց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ կայուն և զարգացող բիզնեսները կարող են բանկերից բավականին ցածր տոկոսադրույքներով վարկեր ներգրավել:

«ԿԲ-ն իր հերթին պատրաստ է բանկերին ապահովել անհրաժեշտ լիկվիդայնությամբ», - նշեց նա ու գնդակն ուղղեց կառավարության դաշտը: «Այս համատեքստում շատ է կարևորվում կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը», - նկատեց նա:

Հատկանշական է, որ կառավարությունը, համաձայն պաշտոնական տվյալների, կապիտալ ծախսերը թերակատարում է: 2020 թ․ առաջին կիսամյակում կապիտալ ծախսերը 60%-ով թերակատարվել են:

«Մենք այս խնդիրը բարձրաձայնում են կառավարության մեր գործընկերների հետ քննարկումներում: Ստեղծված իրավիճակում շատ ենք կարևորում կապիտալ ծախսերի արդյունավետ կատարումը», - հայտնեց Մարտին Գալաստյանը:

 

Վերջում նա խոսեց ապագայի մասին: 2021 թվականին համաձայն ԿԲ կանխատեսման բազային սցենարի ակնկալվում է տնտեսության վերականգնում:

 

«Տնտեսական աճի վերականգնում կլինի, բայց նախկինում կնախատեսված V-աձև վերականգնումը տեղի չի ունենա: Այն ավելի դանդաղ կլինի», - ասաց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ 2021-ի համար ակնկալում են շուրջ 4-5% ՀՆԱ-ի աճ, իսկ գնաճի ցուցանիշները 2021 թվականին կկազմի 1,7-2%:

  • Կիսվել: