հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փաշինյանը՝ սահմանազատման հերթականության մասին

Փաշինյանը՝ սահմանազատման հերթականության մասին

Այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, թե կա՞ պայմանավորվածություն, թե Տավուշի հատվածից հետո ո՛ր հատվածներում է նախագծվում սահմանազատում, երաշխավորվա՞ծ է, որ Ադրբեջանը կվերադարձնի մեզ Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի, Ներքին Հանդի ուղղություններում այն տարածքները, որոնք լեգիտիմորեն մերն են:

Այս առնչությամբ վարչապետը, մասնավորապես, ասաց. «Նախ հերթականության մասին. սահմանազատման հանձնաժողովների հայտարարության մեջ եթե չեմ սխալվում ընդգծված է գործընթացը, բայց եթե նույնիսկ ընդգծված չէ այնտեղ, սա հստակ ձևակերպված պայմանավորվածություն է, որ քայլերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ. առաջինը՝ լուծվելու է այս սահմանազատվող հատվածներում սահմանի պահպանությունը Սահմանապահ զորքերին հանձնելու հարցը։ Երկկողմ։ Երկրորդը՝ հանձնաժողովները մինչև հուլիսի 1-ն ընդունելու են, համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ։ Ընդ որում, սա նախնական շրջան է սահմանազատման, շատ կարևոր է, որպեսզի կանոնակարգը լինի պրակտիկ աշխատանքի ձեռնարկ, որտեղ կարտահայտվի նաև այս ընթացքում ձեռք բերված փորձը, որը շատ կարևոր նրբություն է։ Որից հետո այս կանոնակարգը կանցնի ներպետական հաստատման ընթացակարգեր։

Որից հետո հանձնաժողովները պետք է հանդիպեն և պայմանավորվեն սահմանազատման գործընթացի հերթականությունը, թե ինչ հերթականությամբ են իրականացնում սահմանազատումը, այսինքն` որ հատվածներում։ Եվ հետագայում կանցնեն արդեն սահմանազատմանը։

Այս հատվածի հետ կապված ես նորից ուզում եմ իմ նախկին ասածներն ամբողջականացնելու համար Ձեր ուշադրությունը հրավիրել միջազգային հարթակներում մեր դեմ օգտագործված հետևյալ խոսույթի վրա, որ այս 4 գյուղերի պարագայում կամ սահմանազատվող 4 հատվածներում մենք գործ ունենք բնակավայրերի հետ։ Սա շատ կարևոր նրբություն է։ Հատվածներ, որտեղ կան բնակավայրեր, որոնք տիտղոսակիր երկրի հսկողությունից դուրս են և տարածքներ, որտեղ չկան բնակավայրեր, որտեղ տիտղոսակիր երկրի վերահսկողությունից դուրս են։ Այսինքն` տիտղոսակիր նկատի է առնվում լեգիտիմ ճանաչված սահմանի տարածքում, բայց ոչ սեփական վերահսկողության ներքո։

Բայց ես նաև ուզում եմ ասել, որ բանակցությունների ողջ ընթացքում, հրապարակային և ոչ հրապարակային, մենք բարձրացրել ենք մեր 31 գյուղերի կենսական նշանակության տարածքների հարցը, և գումարած, իհարկե, Արծվաշենի հարցը, որը բնականաբար լինելու է սահմանազատման գործընթացում։ Եվ այստեղ է ամենակարևոր նրբությունը, երբ մենք Ալմա-Աթայի հռչակագիրը ֆիքսում ենք որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք՝ առաջին հերթին ֆիքսում ենք մեր լեգիտիմ իրավունքը և լեգիտիմ պայմանավորվածությունը սահմանազատում իրականացնել այս տարածքում»:

Նրա խոսքով՝ ըստ էության, Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ նշանակում է՝ մենք ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ենք ստեղծում, այլ վերարտադրում ենք Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմաններն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ կա կետ, որ հնարավոր է խաղաղության պայմանագրում այլ սկզբունք որդեգրելու պարագայում Ալմա-Աթայի սկզբունքը զիջվի կամ չեղարկվի, Փաշինյանը նշեց. «Այդպիսի բան գրված չէ: Գրված է, որ եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեջ այլ սկզբունք կարձանագրվի՝ հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը կհարմարեցվի դրան: Եվ դա ունի հետևյալ տրամաբանությունը, Դուք գիտեք, որ սա սահմանազատման հանձնաժողով է և սահմանազատման հանձնաժողովները խաղաղության պայմանագրի շուրջ մանդատ չունեն, իսկ խաղաղության պայմանագիրն իր իրավական նշանակությամբ ավելի բարձր է: Եվ այնտեղ ուրիշ փաստաթուղթ է բանակցվում, որն իր իրավական նշանակությամբ ավելի բարձր է, եթե այս թղթի և այն թղթի միջև լինեն հակասություններ, ոչ թե այս թուղթը պետք է համապատասխանեցվի այս թղթին, այլ այս թուղթը պետք է համապատասխանեցվի այն թղթին:

Իսկ խաղաղության պայմանագրում բանակցող կողմը նույնպես Հայաստանի Հանրապետությունն է և բանակցող կողմն արդեն իսկ բարձրագույն մակարդակով պայմանավորվել է իմ թվարկած հանդիպումներում և փաստաթղթում, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա են կողմերը ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է լինի քաղաքական բազա սահմանազատման գործընթացի համար և սա, որ արձանագրվել է նաև սահմանազատման հանձնաժողովների ընդունած փաստաթղթում, և հույս ունենք ու դա կարևոր է և առանց դրա դժվար է պատկերացնել, որ այդ նույնը կարտահայտվի խաղաղության պայմանագրում»:

  • Կիսվել: