Շինարարության ոլորտում տուրքերի ավելացումը որոշակի և օբյեկտիվ դժգոհություններ է առաջացրել. Թադեւոս Ավետիսյան
Շինարարության ոլորտում տուրքերի ավելացումը որոշակի և օբյեկտիվ դժգոհություններ է առաջացրել. խնդիրը միայն կառուցապատողին չի վերաբերում, գործ ունենք նաև բնակարանային ապահովման հարցի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
«Տուրքերի ավելացումն իր ազդեցությունն է թողնում շինարարության ծախսերի, ինչպես նաև վաճառքի գնի վրա։ Պետք է քննարկել հարցը նաև այս ասպեկտով, թե տուրքերի բարձացումն ինչ ազդեցություն կունենա անշարժ գույքի շուկայում»,-ասաց նա:
Պատգամավորն առաջարկեց՝ քննարկման առարկա դարձնել նաև պետական տուրքերի վերաբերյալ ռազմավարությունը, եթե իհարկե, կա այդպիսին։
«Ինչպես են այդ չափերը որոշվում, որքանո՞վ են հիմնավոր»,-ասաց նա՝ ավելացնելով, որ կառուցապատողները նաև հանրային ծառայություն մատուցող ընկերությունների բաժանորդ դառնալու խնդիրների մասին են բարձրաձայնում։ Պատգամավորն ասաց՝ սեփական օրինակով վերջերս տեսել է, թե ինչ լուրջ խնդիր է այն։
Նշենք, որ Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշումներ Երևանում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին։ Շինթույլտվության փաստաթուղթ ստանալու համար նախկինում վճարվող 700․000 դրամի փոխարեն կառուցապատողները ստիպված են վճարել մի քանի անգամ ավել գումար։
Լսումներին հրավիրված են, մասնավորապես, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, ինչպես նաև դրա կազմի մեջ չմտնող առանձին տնտեսվարողներ, Գործատուների հանրապետական միության նախագահը, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի, Երևանի քաղաքապետարանի, կառավարության և այլ մարմինների ներկայացուցիչներ։