չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մարդիկ մտածում են՝ ինչ-որ չար վիշապ նստած է ջրի ակունքին և չի թողնում ջուրը գա, հասնի, դա սկզբունքորեն ճիշտ է. Փաշինյան

Մարդիկ մտածում են՝ ինչ-որ չար վիշապ նստած է ջրի ակունքին և չի թողնում ջուրը գա, հասնի, դա սկզբունքորեն ճիշտ է. Փաշինյան

Ոռոգման ոլորտում 2023 թվականին գանձվել է 71.9% վարձ, որը նախորդ տարիների համեմատ ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին նշվել է Ջրային կոմիտեի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշվել է, որ չնայած այս արդյունքին՝ ոռոգման ոլորտի նախորդ տարիների ընդհանուր պարտքը հասնում է շուրջ 28 մլրդ դրամի: Նշվել է, որ 2022 թվականի համեմատ ջրի կորուստի ծավալը նվազեցվել է 1,5 տոկոսով:

 

Անդրադառնալով հավաքագրումների ցածր տեմպերին, ջրի կորստի բարձր ցուցանիշներին, ինչպես նաև ոռոգման բնագավառում առկա բազմաթիվ խնդիրներին՝ վարչապետը նշել է. «Եկեք արձանագրենք, որ ունենք ջրային համակարգ՝ առանց ֆինանսական սխեմայի: Ֆինանսական մոդել չունենք: Մենք չենք ստեղծել մի համակարգ, որը վերարտադրվելու հնարավորություն ունի: Այսինքն, այս համակարգը մահացած համակարգ է և ուզում եմ բացատրել նաև, թե ինչու եմ ասում այդպես:

Երբ գիտնականներն ուզում են բացատրել ինչ է կյանքը՝ նշում են, որ կյանքի բնորոշ հատկանիշներից մեկն ինքն իրեն վերարտադրելու հնարավորությունն է, հետևաբար ցանկացած համակարգ, որն իրեն չի կարող վերարտադրել՝ ինքը մահացած համակարգ է: Մենք սա չենք խոստովանում և մեր ժողովուրդն էլ չգիտի դրա մասին: Ֆունդամենտալ խնդիրը սա է:

Մի շատ կարևոր առանձնահատկություն կա, որը մեր բոլորի և մեր պետական բացթողումն է: Մարդն իր վարելահողի մեջ ուզում է ստանալ կամ չի ստանում ջուր, ջուրը կա՝ ինքը գոհ է, ջուրը չկա՝ դժգոհ է: Բայց մենք իրեն չենք ասում, թե այդ ջուրը մինչ իր վարելահող հասնելն ինչ ֆիզիկական, կազմակերպչական, իրավական և ֆինանսական ճանապարհ է անցնում: Ես համոզված եմ, որ մարդկանց վերաբերմունքն իրավիճակների նկատմամբ ձևավորվում է այն պատճառով, որ մենք մարդկանց չենք բացատրում, թե ինչ է իրականում տեղի ունենում:

Իմիջիայլոց, ես սա ինչ-որ ձևով համեմատում եմ առողջապահության ոլորտում հին և նոր մշակույթի հետ: Հին մշակույթի առանձնահատկությունն այն էր, որ մարդուն չէին բացատրում իր հիվանդությունը, թե խնդիրն ինչի մեջ է, հարազատներին թաքուն էին ասում: Նոր մշակույթով մարդուն բացատրում են, թե իր խնդիրն ինչի մեջ է և դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ պիտի իմանա՝ ինչն է խնդիրը, որ դրա լուծմանն օգնի առնվազն ըմբռնմամբ, թե ինչ է կատարվում իր հետ:

Այսօր ես արձանագրում եմ, որ մեր ոռոգման համակարգը մահացած է և առնվազն եթե իր տակ նոր ֆինանսական սխեմա չդնենք՝ հնարավոր չէ նրա վերակենդանացումը:

Շատ բարդ և դժվար աշխատանք է, ես հասկանում եմ, թե ամեն մեկ միլիոն դրամ հավաքագրելն ինչ էներգիա է տանում ընդհանրապես մեր կառավարման համակարգից, բայց դա, ըստ էության, սիզիփոսյան աշխատանք է, որն արդյունք չի տալիս: Մենք պետք է սա բացատրենք մարդկանց, որ իմանան, որովհետև մարդկանց մոտ շարունակում է մնալ այն ընկալումը, որ ինչ-որ չար վիշապ նստած է ջրի ակունքի վրա և չի թողնում, որ ջուրը գա, հասնի, ինչը սկզբունքորեն ճիշտ է: Բայց այդ չար վիշապն անարդյունավետ համակարգն է: Եվ մինչև այդ վիշապի գլուխը չկտրենք, չոչնչացնենք այդ վիշապին և նորմալ համակարգ չստեղծենք՝ չի լուծվելու այս հարցը: Հետևաբար՝ այստեղ պետք է հասկանանք, թե ինչ ենք անում»:

  • Կիսվել: