երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչպես վճարել եկամտահարկ, երբ բնակարան եք վարձով տալիս (տեսանյութ)

Ինչպես վճարել եկամտահարկ, երբ բնակարան եք վարձով տալիս (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս, վարձակալության վճարներից պարտադիր է վճարել եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով։

Եթե հարկային տարվա ընթացքում վարձակալության վճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, ապա գերազանցվող մասի համար պետք է վճարել լրացուցիչ 10% եկամտային հարկ։

Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս` անհրաժեշտ է կնքել պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում։ Սակայն, եթե չի ստացել պետական գրանցում, ապա պետք է հարկային մարմին ներկայացնել վարձակալության հանձնման վերաբերյալ հայտարարություն։

Հայտարարություն ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել ցանկացած սպասարկման սրահ՝ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ) և հանրային ծառայության համարանիշով (ՀԾՀ):  Եթե դեռ հաշվառված չեք հարկային մարմնում և չունեք հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), ապա կտրամադրի ՀՎՀՀ, որից հետո կարող եք ներկայացնել հայտարարությունը:

Հայտարարությունը, կից դիմումը և հարկ վճարողի հաշվառման համարի ստացման դիմումը կարող եք ներկայացնել նաև առանց սպասարկման սրահ այցելելու՝ www.e-request.am էլեկտրնային հարցումների միասնական հարթակի միջոցով։

Եթե անշարժ գույքը վարձակալության եք հանձնել Հայաստանում և բնակվում եք արտերկրում, ապա hարկ վճարողի հաշվառման համարի ստացման դիմումը, հայտարարությունը և կից դիմումը ևս կարող եք ներկայացնել www.e-request.am  հարթակի միջոցով։

Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը ծագած վարձակալական գործարքների մասով հայտարարությունն անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը, իսկ դեկտեմբերի 1-ից հետո ծագած վարձակալական գործարքների մասով՝ գույքը փաստացի վարձակալության հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում: Վարձակալությունից ստացվող եկամտի դադարեցման դեպքում ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։

Անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենքի պահանջները չպահպանելու դեպքում, սահմանված է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամը։

Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում տուգանքը կազմում  է 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան մեկ միլիոն դրամը։

2023 թվականի համար անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի տարեկան հաշվարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝  մինչև 2024 թվականի մայիսի 1-ը։

  • Կիսվել: