երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը պետք է լրիվ հրաժարվի գազից․ «Do Something!» կազմակերպության տնօրեն

Հայաստանը պետք է լրիվ հրաժարվի գազից․ «Do Something!» կազմակերպության տնօրեն

Հայաստանը պետք է լիովին հրաժարվի գազից եւ անցնի էլեկտրաէներգիայի օգտագործման։ Այս մասին «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգը եւ տեղի պահանջմունքները» թեմայով կոնֆերանսի ժամանակ մարտի 6-ին ասել է «Do Something!» կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Ջոն Դին։

Նա կոչ է արել բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը, այդ թվում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացման միջոցով։ «Եթե կարծում եք, որ այլ երկրները կարող են անջատել ձեր գազը կամ բարձրացնել գինը, ինչը կարող է հանգեցնել նաեւ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման, ապա կարող եք համոզված լինել, որ ոչ մի երկիր չի կարող խանգարել ձեզ ստանալ էներգիա արեւից կամ քամուց։ Հայաստանը պետք է ունենա 100 տոկոսանոց վերականգնվող էներգիա։ Դա շատ հեշտ է անել մինչեւ 2035թ., քանի որ շատ բանկեր շատ մատչելի միջոցներ կտան այդ նպատակների համար»,- նշել է Ջոն Դին։ Նրա խոսքով՝ Հայաստանում վերականգնվող էներգիայի միջոցով կարելի է իջեցնել էլեկտրաէներգիայի գինը։

Միաժամանակ, ընկերության ղեկավարը նշել է վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման կրճատման կարեւորությունը տրանսպորտի շահագործման, էներգաարդյունավետության, վառելիքի, հումքի, ջրի եւ պարենի օգտագործման արդյունավետության բարձրացման հետեւանքով։

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը պետք է մշակի էներգախնայող լուսավորության անվճար անցման ծրագրեր։ «Օրինակ, Ավստրալիայում էներգախնայող լուսավորության անցնելուց հետո մեկ տարում հաջողվում է խնայել 5 մլրդ դոլար։ Բացի այդ, կարեւոր է շենքերի ջերմամեկուսացումը, ինչը կնվազեցնի ջեռուցման եւ սառեցման ծախսերը։ Այդ միջոցը արդյունքում ավելի էժան է նստում, քան կոմունալ ծառայությունների ծախսերը»,- ավելացրել է Ջոն Դին։

  • Կիսվել: