չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը

Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը

Այս պահին Երեւանում նոր 4 մանկապարտեզներ են նախագծվում. Արաբկիրում թիվ 24-ը, Ծարավ Աղբյուրում, Նոր Խարբերդում նոր մանկապարտեզները եւ Կենտրոնում թիվ 1 մանկապարտեզն է ամբողջությամբ վերակառուցվում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը:

Նա իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Արաբկիրում թիվ 24 մանկապարտեզում նախագծման աշխատանքները շարունակվում են. այստեղ խնդիր էր ծագել ավտոտնակների հետ կապված, 4 ավտոտնակներն արդեն ապամոնտաժվել են եւ նախագծող կազմակերպությունն րդեն կարողանում է շարունակել իր աշխատանքը: Այս մանկապարտեզը կունենա 6 խումբ, ընդհանուր 180 երեխայի համար: Մի քանի ամսից կկարողանանք տեղափոխվել շինարարության փուլ:

Ծարավ Աղբյուր փողոցում մանկապարտեզը նախատեսվում է 10 խմբի համար: Նախնական հողատարածքը կազմել է մոտ 5 հազար քմ, սակայն դիմել ենք, որ հավելյալ եւս 3 հազար քմ հողատարածք հատկացվի: Նոր տեղադիրք է ունենալու մանկապարտեզը:

Ինչ վերաբերում է Նոր Խարբերդի մանկապարտեզին, այստեղ մենք դիմել ենք 500 քմ համայնքային հողի հատկացման մասով: Նախագծող կազմակերպությունը արդեն տրամադրել է կոորդինատները նոր հողակտորի: Այս մանկապարտեզը գործելու է 6 խմբով, 180 երեխա է հաճախելու այնտեղ:

Կենտրոնի թիվ 1 մանկապարտեզի շենքը վթարային է: Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվել են քանդման աշխատանքներ: Այս մանկապարտեզի վերակառուցումը ընդգրկված է Եվրոպական ներդրումային բանկի երկրորդ ծրագրում: Այստեղ եւս գործելու է 6 խումբ, 18 երեխա»,-ասաց փոխքաղաքապետը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմելով Լեւոն Հարությունյանին, ասաց. «Քանի որ նոր մանկապարտեզների նախագծման աշխատանքներն արդեն բավական ժամանակ տեւել են, պետք է խնդրեմ ձեր անձնական հսկողության տակ պահեք, մասնավորապես, այս ծրագրերը:

Խնդրում եմ ամփոփեքն, ավարտին հասցնենք եւ հաջորդիվ արդեն հայտարարեք, թե երբ են հայտարարվելու շինարարության մրցույթները ամեն մեկի մասով»:

Նաեւ զեկուցվեց, որ 2019-2023 թվականը հիմնանորոգված մանկապարտեզներում հավելյալ 44 խմբեր են ձեւավորվել, իսկ 2024-ի ավարտին հավելյալ 45 խմբեր կլինեն: Շուրջ 2500 երեխա հվելյալ ընդգրկված կլինի մանկապարտեզներում:

  • Կիսվել: