կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գործադիրը գումար է հատկացրել «Ալպյան» մարգագետիններ տանող գրունտային ճանապարհների կառուցման համար

Գործադիրը գումար է հատկացրել «Ալպյան» մարգագետիններ տանող գրունտային ճանապարհների կառուցման համար

Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցառումների շրջանակում նախատեսվող շուրջ 60 կմ գրունտային ճանապարհի կառուցումն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունումը պայմանավորված է վարչապետի նախընտրական խոստումների կատարումն ապահովելու անհարժեշտությամբ:

Այսպիսով՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ կազմակերպել դեպի «Ալպյան» մարգագետիններ (դաշտավայրեր, արոտավայրեր և խոտհարքներ) տանող գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթաց, համաձայն որի՝ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ, իսկ Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Սյունիքի մարզպետների աշխատակազմերում մասնակից չլինելու հանգամանքով պայմանավորված՝ մրցույթները վերահայտարարվել են և գտնվում է կատարման ընթացքում։ Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին կհատկացվեն, համապատասխանաբար 3,168 հազար դրամ, 2,930 հազար դրամ, 2,090 հազար դրամ, 3,300 հազար դրամ, 5,886 հազար դրամ:

Որոշման ընդունումը կնպաստի՝ պատմամշակութային, ուսումնական ու գիտաճանաչողական (հնագիտական, երկրաբանական), էկոլոգիական, էթնոգրաֆիկ և տուրիզմի այլ ձևերի զարգացմանը:

  • Կիսվել: