կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԲՏԱ նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

ԲՏԱ նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին միտված ջանքերի, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում զարգացման նոր մակարդակի հասնելուն ուղղված քայլերի համար, իր խոսքում բարձր է գնահատել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությունը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Մխիթար Հայրապետյանը դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել, որ բարձր տեխնոլոգիաների, ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացումը ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն արդեն իսկ արդյունավետ համագործակցության փորձ ունի ԲՏԱ նախարարության հետ, և հույս հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունը կլինի շարունակական:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կիբեռանվտանգության, թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա երկխոսության զարգացմանը:

  • Կիսվել: