կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Bank of Georgia Group-ը «Ամերիաբանկը» կգնի  303,6 մլն դոլարով

Bank of Georgia Group-ը «Ամերիաբանկը» կգնի 303,6 մլն դոլարով

«Վրաստանի բանկի» սեփականատեր «Bank of Georgia Group PLC»–ն հայտարարել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Ամերիաբանկի» 100% բաժնետոմսերի գնման մասին։ Այս մասին հաղորդում է «Վրաստանի բանկ» ընկերության մամուլի ծառայությունը:
 
Նշվում է, որ վրացական կողմը վճարելու է 303,6 մլն դոլար։
 

«Գործարքի վերջնական ավարտից հետո «Ամերիաբանկը» կշարունակի խմբի կազմում աշխատել գործող մենեջմենտով: Միևնույն ժամանակ ընկերությունը կպահպանի իր սեփական ապրանքանիշը»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այժմ «Ամերիաբանկի» բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»–ը, որում ընդգրկված են «Ameria Group»–ի մի շարք մենեջերներ (12,05%):
 
2023 թ. տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարին դիրքերը զիջել է Արդշինբանկին:
 
Ինչ վերաբերում է «Վրաստանի բանկին», ապա նրա ամենամեծ բաժնետերը «Georgia Capital»–ն է, սակայն բաժնետոմսերը պատկանում են այնպիսի ներդրումային կազմակերպությունների, ինչպիսիք են «JP Morgan»-ը, «BlackRock»-ը, «Vanguard»-ը և այլն:

  • Կիսվել: