երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան

Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան

Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա անհրաժեշտությունն այս պահին չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Ինչ վերաբերում է ռուսական ու ադրբեջանական գազին, շատ դեպքերում շատ դժվար է տարանջատել, որ երկիրը, որ գազ է սպառում, այդ գազն իրականում որ աղբյուրից եկած գազն է: Այսինքն հնարավոր է, որ մենք Ռուսաստանի հետ ունենանք պայմանագիր եւ ՌԴ-ից գնենք գազը, բայց քանի որ այդ գազամուղները խաչվում են, այդ գազամուղի մեջ որոշակի պահի գազի որոշակի ծավալ լինի ադրբեջանական: Կամ եվրոպական երկրները գնում են ադրբեջանական գազ, բայց իրականում այդ գազի մեջ առկա լինի ռուսական գազ: Սա տեխնիկական հարց է:

Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան եւ ավելի շահավետ գնով, ապա մենք պետք է քննարկենք այդ հնարավորությունը: Հակառակը պնդել կնշանակի երկրի պետական շահերին վնասել»,-ասաց նա:

Թունյանի խոսքով, այսօր Հայաստանը մտածում է ունենալ էներգետիկ անվտանգության այնպիսի մակարդակ, որը իր համար ընդունելի կլինի. «Իսկ դա նշանակումէ  ունենալ եւ ատոմային էներգետիկա, եւ արեւային էներգետիկա, եւ հիդրոէներգետիկա: Այսօր մեր էլեկտրականության մոտ 30 տոկոսն արտադրում է ատռոմակայանը, մոտ 30 տոկոսը արտադրվում է գազի միջոցով, 30 տոկոսը հէկ-երի միջոցով եւ արեւայինի կշիռը բարձրացել է մոտավորապես 10 տոկոսի: Բայց քանի որ այդ ցիկլրի մեջ գազից կախվածությունը բավականին մեծ է, մենք այդտեղ դրսի ռիսկերից կախված ենք, թե գնի տատանումներից, թե գազամուղի հնարավոր խնդիրներից, ապա մեզ ձեռնտու է այնպես անենք, որ մենք մաքսիմալ անկախ լինենք ու  ապահովագրված լինենք հնարավոր ռիսկերից:

Դա նշանակում է ունենալ նոր ատոմակայան, դա նշանակում է արեւային ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործել, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը:

  • Կիսվել: