կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեներալը չի կարող «տուռնիկի» վրա լինել, զինվորականների միջև չի կարող հավասարություն լինել. Գեղամ Մանուկյան

Գեներալը չի կարող «տուռնիկի» վրա լինել, զինվորականների միջև չի կարող հավասարություն լինել. Գեղամ Մանուկյան

Քանի՞ հոգի է մասնակցել կամավոր ատեստավորմանը, քանի՞սն է ստացել դրական և քանիսը բացասական գնահատական, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, դիմելով պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ի պատասխան Բրուտյանը նշեց, որ կամավոր ատեստավորման դիմում է ներկայացրել 5908 զինծառայող, մասնակցել է 5783-ը, որոնցից 91-ը գերազանց են ստացել, 583-ը՝ լավ, 2152-ը՝ բավարար և 2957-ը՝ անբավարար։

«Ընդհանուր առմամբ ատեստավորվել է 2826 զինծառայող։ Փետրվարի 29-ին 980 զինծառայողի ատեստավորում կլինի, իսկ մարտի 4-7 ևս մի ատեստավորման փուլ կա, որին մասնակցելու է 628 զինծառայող», - հավելեց պաշտպանության նախարարի տեղակալը։

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաև ատեստավորման ընթացքի լուսաբանմանը՝ իր անհամաձայնությունը հայտնելով որոշ կադրերի հրապարակման հետ։

«Ես երեկ, հարգելով զինվորականին, հատուկ ելույթ չունեցա, թեև պատրաստել էի լուսանկար։ Մարդկային մի բան ասեմ։ Արցախի հերոսը, առաջին պատերազմի ժամանակ վիրավորված գեներալը «տուռնիկի» վրա կախված, ախր ինչո՞ւ է դա լուսաբանվում։ Մի ասեք, թե տեսե՛ք, բանակում զինվորականների հավասարություն է։ Զինվորականների միջև չի կարող հավասարություն լինել, գեներալը չի կարող «տուռնիկի» վրա լինել»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

 

  • Կիսվել: