կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կանցկացվի Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը

Կանցկացվի Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը։

2019թ․ ստեղծված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը 2022 թվականից կրում է լեհ լեգենդար կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։ Պենդերեցկին գրեթե 60-ամյա գործունեության ընթացքում հեղինակել է ավելի քան 100 գործիքային ստեղծագործություն, ավելի քան 120 երաժշտական գործ անիմացիոն ֆիլմերի, տիկնիկային, դրամատիկական, հեռուստատեսային թատրոնների, ինչպես նաև գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի համար:

 

Ապրիլի 4-ին փառատոնի բացման համերգն ամբողջովին նվիրված է Պենդերեցկու արվեստին. ծրագրում կհնչեն կոմպոզիտորի «Մետամորֆոզներ» թիվ 2 ջութակի կոնցերտն ու «Կորեական» թիվ 5 սիմֆոնիան։

Փառատոնի շրջանակում ապրիլի 4-18-ը կունկնդրենք նաև Լուդովիկո Էյնաուդիի, Բեհզադ Ռանջբարանի, Ալեքսանդր Ռոզենբլատի, Պատրիշա Մորհեդի, Սերգեյ Սլոնիմսկու և Սըր Կառլ Ջենքինսի ստեղծագործությունները։

Երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան ջութակահար Ջու-Յոնգ Բեքը‚ ֆլեյտահար Ալեքսանդր Հասկինը‚ բաս կիթառահար Անտոն Դավիդյանցը‚ դաշնակահար Ջուլիա Զիլբերքուիթը։ Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Նատալի Մյուրեյ Բիլը։

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակներում երևանյան ունկնդրին են ներկայացվում մեր օրերում աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները‚ դրանցից շատերը Հայաստանում հնչում են առաջին անգամ։

  • Կիսվել: