երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փորձել են ականջօղերս գողանալ, ասել եմ՝ ամուսնուցս մնացած միակ հիշատակն է․ 86-ամյա Նունիկ տատիկի գերության օրերը

Փորձել են ականջօղերս գողանալ, ասել եմ՝ ամուսնուցս մնացած միակ հիշատակն է․ 86-ամյա Նունիկ տատիկի գերության օրերը

Նունիկ Մարդիյանն Արցախի Խաչմաչից է։ Ապրում էր Ստեփանակերտում։ 86-ամյա կինը գյուղում անց էր կացնում հիմնականում ամառային օրերը, բայց բլոկադայի պատճառով որոշել էր այնտեղ մնալ, այգին մշակել, գրում է mediahub.am-ը: 

Պատերազմի օրը՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան, երբ գյուղն աստիճանաբար սկսել է տարհանվել, Նունիկ բաբոն մնացել է իր տանը, ասում է՝ իրավիճակն այնքան խառն էր, որ ծայրամասում գտնվող իր տնից ինքը դուրս չի եկել, սեպտեմբերի 21-ին է իմացել, որ Խաչմաչը գրավվել է թշնամու կողմից։

«Դուրս եմ եկել բակ, փորձել եմ գնալ բարեկամիս տուն, բայց ճանապարհին հանդիպել եմ ադրբեջանցիներին, որոնք ապաստանել էին Խաչմաչի տներից մեկում և թեյ էին խմում։ Կանգնել եմ, նրանցից մեկն ինձ ձեռքով էր անում, ասում էր՝ «եկ, եկ», ես չվախեցա, մոտեցա նրանց։ Մի բաժակ թեյ էլ ինձ հյուրասիրեցին, խմեցի»,- ասում է Նունիկ Մարդիյանը։ 

Այնուհետև նա փորձել է գնալ իր տուն, բայց ադրբեջանցի ծառայողները չեն թողել։ 

«Ես շատ պնդեցի, որ իմ տուն եմ ուզում գնամ, 2 հոգի ինձ հետ եկան։ Տեսել են մեր այգուց հավաքած պոպոկը, հարցրել են՝ «կարելի՞ է ուտել», ասել եմ՝ կերեք, թերմոսում թեյ ունեի, քանի որ լույսը հովհարային էր, նախապես պահում էի թերմոսում, ուզեցին, դա էլ հյուրասիրեցի։ Հետո մտան ներս, քանդեցին մահճակալների վրա դարսած դոշակներն ու վերմակները, ասացին՝ որտե՞ղ ես պահում փողերդ ու ոսկիներդ, ասացի ես ո՛չ փող ունեմ, ո՛չ էլ ոսկի: Ասացին՝ «ուրեմն ականջօղերդ պիտի հանես տաս», ես իրենց ասացի, դա իմ ամուսնուց մնացած միակ հիշատակն է, չեմ տալու ու չտվեցի»,- հիշում է Նունիկ տատը։ 

Քանի որ օրերով լույս չի եղել, մեր զրուցակցի հեռախոսն անջատված է մնացել։ Նրա հետ կապ չեն կարողացել հաստատել հարազատները, որոնք բնակվում էին Ստեփանակերտում։ Այդ ընթացքում Նունիկ տատի թոռները դիմել են համապատասխան բոլոր գերատեսչություններին՝ գյուղից նրան տարհանելու համար։ Բայց նույն օրը ադրբեջանցիները Նունիկ տատիին տեղափոխել են Ֆիզուլի։ 

«Հեռախոսը վերցրել են իմ ձեռքից, ասել են կտանք։ Հետո ասացին՝ «մեր հետ պիտի գաս», ես նրանց խնդրեցի, որ Ստեփանակերտ ուղեկցեն, հարցրեցին, թե «Ստեփանակերտում ո՞վ ունես, որ պատերազմին մասնակցել է», ասացի ոչ ոք, իմ թոռները փոքր են, իրենք պատերազմին չեն մասնակցել։ Ի՞նչ կարող էի անել։ Իրենք եղբորս տնից կարտոֆիլ են բերել, պանիր ու պահածոներ, սեղան գցել, կերուխում էին անում, իմ հետևից մեքենա է եկել ու տեղափոխել Ֆիզուլի։ Ճանապարհին խոստացան, որ ինձ հետ են ուղարկելու։ Ֆիզուլիում մնացի 4 օր։ Բոլոր կողմերից շրջապատված էի ադրբեջանցիներով, հայ չկար, մենակ էի։ Հաց են տվել, թեյ են հյուրասիրել։ Բայց ուշքս իմ հարազատներն էին, որոնց մասին օրերով լուր չեմ ունեցել»,- ասում է կինը։ 

Սեպտեմբերի 25-ին Նունիկ Մարդիյանին տեղափոխել են Շուշի։ Այնտեղ նա հանդիպել է Մարտակերտի շրջանից ու Ներքին Սզնեքից գերեվարված իր բախտակիցներին։ 

«Շուշիում երեկոյան հաց են տվել, ասել՝ սպասեք, հիմա ձեր փրկարարները կգան ձեր հետևից։ Միմյանց հետ բառ չէինք փոխանակել, բոլորը վախեցած էին։ Ես ավելի շատ անհանգիստ էի, չգիտեի ինչ է կատարվել։ Հետո ադրբեջանցի մի ծառայող եկավ, փոխանցեց հեռախոսս, ասաց՝ «հիշու՞մ ես, որ ասել եմ քեզ հետ եմ ուղարկելու, Մեխակը եկել է ձեր հետևից, պատրաստվեք, գնում եք»։ Մեզ նստեցրել են մի մեքենա, տեղափոխել փրկարարների մոտ։ Մեխակ Արզումանյանը մեզ տարավ Ստեփանակերտ»,- ասաց նա։ 

Տեղահանությունից հետո Նունիկ տատը ինսուլտ է տարել, հետո աչքերն է վիրահատել։ 2 ամիս հիվանդանոցում բուժում ստանալուց հետո՝ այժմ դստեր խնամքի ներքո է։

  • Կիսվել: