չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԼՂ–ից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչ աշխատում է ՀՀ կրթական համակարգում. Անդրեասյան

ԼՂ–ից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչ աշխատում է ՀՀ կրթական համակարգում. Անդրեասյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար երեխաներ սովորում են Հայաստանի դպրոցներում. Նրանց համար ապահովվում են անհրաժեշտ դասագրքեր, գրենական պիտույքներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան մամուլի ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով, շատ արագ հաստատվել է արցախցի ուսանողների կրթաթոշակի կարգը, որը հնարավորություն է տվել ԼՂ-ի բուհերում եւ քոլեջներում սովորող ուսանողներին իրենց կրթությունը շարունակել ՀՀ ուսհաստատություններում եւ կրթաթոշակի միջոցով իրենց ուսման վարձը փոխհատուցել. «Ավելի քան 1800 ուսանողներ մեր բուհերում են իրենց կրթությունը շարունակում եւ շուրջ 1000 ուսանողներ՝ քոլեջներում:

Բացի այդ մենք ունեինք ուսանողներ, որ ԼՂ-ից էին, բայց մեր ուսումնական հաստատությունների ուսանող էին: Նրանց ուսման վարձը վճարվում էր կամ ԼՂ իշխանությունների կողմից, կամ իրենց ընտանիքների, որոնք նույնպես տեղահանվել էին: Մեր վերջին որոշումը վերաբերում էր այս խմբի ուսման վարձի փոխհատուցմանը: Այս ծրագրի շահառու է դարձել արդեն իսկ 900 մարդ, գումարները փոխանցված են բուհերին, քոլեջներին»,-ասաց Անդրեասյանը:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին, նախարարն ասաց. «Շուրջ 400 ուսուցիչներ, որը բռնի տեղահանված ուսուցիչների 1/3–ն է, արդեն աշխատում է ՀՀ կրթական համակարգում։ Նրանցից ավելի քան 200–ը գործուղվել են մարզեր և նրանց աշխավարձի 30 %-ի չափով հավելավճար է տրամադրվում։ Իսկ որոշ մարզերում (Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի քանի համայնքներում ) բացի հավելավճարից, գործուղված ուսուցիչները ստանում են նաև ամսական 50.000 դրամ գումար: Ավելի քան 200 ուսուցիչ այս համակարգից օգտվել է»,–ասաց նախարարը։

  • Կիսվել: