երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Այսօր կրակը չէ, որ պիտի համախմբի, այլ՝ Քրիստոսի լույսը». քահանան` Տյառնընդառաջի խորհրդի մասին

«Այսօր կրակը չէ, որ պիտի համախմբի, այլ՝ Քրիստոսի լույսը». քահանան` Տյառնընդառաջի խորհրդի մասին

Այսօր կրակը չէ, որ պիտի համախմբի մարդկանց, այլ՝ Քրիստոսի լույսը, Քրիստոսը պիտի համախմբի։

«Արցախպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով Տյառնընդառաջի խորհրդին` այս մասին ասել է Առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

«Մենք գիտակցում ենք Քրիստոսի ներկայությունը մեր մեջ և կարևորությունը երիտասարդների կյանքում։ Երիտասարդներն են մեր ապագան, նրանց կազմած ընտանիքները պետք է զարգացնեն, ամուր պահեն մեր հայրենիքը։ Ուստի օրվա օրհնությունը տարածվում է մեր երիտասարդության, բոլոր նորաստեղծ ընտանիքների վրա։ Մեր խնդրանքն է, որ Աստված ամուր պահի մեր երիտասարդ ընտանիքները, և, ինչպես արցախցին է ասում, թող նրանք յոթ որդով սեղան նստեն»,-նշել է Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։
 
«Տյառնընդառաջ» նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

  • Կիսվել: