ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան

Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան

Մենք պետք է խոստովանենք՝ մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում, որովհետև մեր զինվորի վրա ինչքան բեռ կա՝ հերթով դնում ենք: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Դիվանագիտության բեռը դնում ենք զինվորի վրա, տնտեսության բեռը դնում ենք զինվորի վրա, անվտանգության բեռը դնում ենք զինվորի վրա, զինվորի բեռը դնում ենք զինվորի վրա ու ասում ենք՝ դե, զինվոր ջան, տես ինչ ես անում: Իրականում զինվորը և բանակն անվտանգության ապահովման վերջին գործոնն են: Մեր մտածողության բանաձևի մեջ այստեղ էլ խնդիր կա, որ մենք հենց անվտանգություն ենք ասում՝ հասկանում ենք զինվորին:

Ռեգիոնալ հարաբերությունները ևս անվտանգության կոմպոնենտ են: Այսինքն՝ մենք ուզում ենք անընդհատ անվտանգության ռիսկերը մեծացնել և այդ զինվորին տանենք, տեսնենք որտե՞ղ ծանոթ ունենք՝ ազատենք ծառայությունից, ով ոնց կարող է չգնա բանակ, և այդ զինվորը, որին գտել ենք, որին ինչ-որ ձևով տարել ենք սահմանին կանգնեցրել, ինչքան բեռներ կան, բանակ չգնացածների բեռներն էլ դնենք այդ զինվորի վրա: Զինվորի նկատմամբ մեր պարտքը նաև այն է, որ մենք մեր հարաբերությունները կառուցենք այնպես, որ զինվորի վրա անհամաչափ բեռներ չդնենք: Սա ֆորպոստի տրամաբանություն է»:

Ապա Փաշինյանը հավելեց. «Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած: Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք նույնիսկ չեն հասցնում նորմալ պատրաստվել որպես զինվոր: Սա անտրամաբանական բան է: Զինվորը պետք է լինի մշտական տեղակայման վայրում, պետք է լինի մոբիլ և երբ անվտանգության խնդիր կա՝ գնա այդ խնդիրը լուծի, վերադառնա զորամաս»:

  • Կիսվել: