շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ֆրանսիայի Սենատում անցկացվել է «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն ԼՂ տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով

Ֆրանսիայի Սենատում անցկացվել է «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն ԼՂ տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով

Մայիսի 14-ին Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր ու նախագահ Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի նախաձեռնությամբ Սենատում անցկացվեց «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով:
Աշխատաժողովի նպատակն էր ծավալել քննարկումներ ֆրանսիական դերակատար կառույցների կողմից Հայաստանում ապաստանած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հատկացվող աջակցության ուղղությամբ աշխատանքների համակարգման շուրջ:

Մասնակցում էին ինչպես աշխատաժողովի նախաձեռնության, այնպես էլ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցություն ցուցաբերող ֆրանսիական կառույցների, մասնավորապես Ֆրանսիայի Սենատի, արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիական զարգացման գործակալության, ապակենտրոնացված համագործակցության ու տարածքային միավորների, ֆրանսիական հիմնադրամների ու հասարակական կառույցների, ինչպես նաև ֆրանս-հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ:

Բացման խոսքերով հանդես եկան Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր ու նախագահ Բրունո Ռըտայոն և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ հեռավար կապով:

Բրունո Ռըտայոյի և Ժիլբեր-Լյուկ Դըվինազի վարմամբ, դերակատար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանների ձևաչափով ընթացան քննարկումներ` Հայաստանում ԼՂ-ից տեղահանվածների կեցության, առողջապահության, մասնագիտական կրթության ու ինտեգրման հարցերի վերաբերյալ:

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ներկայացրեց «Սատար Արցախին» ասոցիացիայի գործունեության նպատակները՝ ի նպաստ ԼՂ բնակչության խնդիրների հասցեագրմանը։
Աշխատաժողովին հրավիրված էր Լեռնային Ղարաբաղի կրթության, գիտության և սպորտի նախկին նախարար, « Մենք ենք մեր սարերը » հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Նարինե Աղաբալյանը, ով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների առաջնահերթ կարիքներն ու խնդիրները։

Աշխատաժողովը եզրափակվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ելույթներով:

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի Սենատին և սենատորներ Բրունո Ռըտայոյին ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազին աշխատաժողովի կազմակերպման նախաձեռնության համար։ Նա բարձր գնահատեց Ֆրանսիայի կառավարության, տարածքային միավորների, պետական ու հասարակական կառույցների և ֆրանս-հայկական ասոցիացիաների համախմբումն ու աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ԼՂ ժողովրդի։

ՀՀ դեսպանը ներկայացրեց ԼՂ-ից տեղահանվածների կարիքների հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող գործողությունները, ինչպես նաև կարևորեց այդ հարցում միջազգային գործընկեր երկրների ու կառույցների աջակցությունը:

Աշխատաժողովի հաջորդ քննարկումները կկազմակերպվեն 2024թ. հոկտեմբեր-նոյեմբերին և կվերաբերեն մասնավորապես Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև նաև ԼՂ ժողովրդի իրավունքների երաշխավորման հարցերին:

 

  • Կիսվել: