ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ընթացքի մեջ են Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման աշխատանքները

Ընթացքի մեջ են Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման աշխատանքները

 Գյումրիում ընթացքի մեջ են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները:

Իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար: Շինարարությունն իրականացվում է պետական միջոցների հաշվին:

Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը, «Արմենպրես»-ին ներկայացնելով աշխատանքների ընթացքը, կարևորեց, որ ոչ մի խնդիր չկա, ու աշխատանքներն ընթանում են նորմալ: «Կա ֆինանսավորում, և ոչ մի խնդիր չկա աշխատանքներն ընդհատելու: Այս ընթացքում կատարվել են միայն նախագծային որոշակի փոփոխություններ՝  ավելացել է լողավազանն ու հրաձգարանը: Փոփոխությունների հետ կապված գումարը ևս ավելացել է: Շինարարը աշխատանքներն ավարտելու է 2024 թվականի վերջին, կամ 2025 թվականի սկզբին: Տա Աստված, շուտով ավարտենք այդ աշխատանքներն ու ունենանք մի կառույց, որտեղ կանցկացնենք Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ»,-նշեց Վաչագան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ համալիրը կունենա ինչպես մարզումային, այնպես էլ մրցումային դահլիճներ:

Մրցումային դահլիճները կընդունեն խաղային և մենապայքարային  մարզաձևերը, իսկ  մարզումային են ըմբշամարտի, ծանրամարտի և ընդհանուր ֆիզիկական պատրաստականության դահլիճները: Համալիրն ունենալու նաև հյուրանոցային մասնաշենք ու սննդի կետ, ինչը թույլ կտա մի շարք ուսումնամարզական հավաքներ անցկացնել տարբեր մարզաձևերից:

Համալիրն ունենալու է նաև բացօթյա խաղադաշտ շուրջ հազար հանդիսականի համար նստատեղով, իսկ դրա շուրջ լինելու են վազքուղիներ:     

  • Կիսվել: