չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
WBC վարկածով աշխարհի չեմպիոն Նոել Միքաելյանի տիտղոսի պաշտպանությունը կլինի 2024 թվականին

WBC վարկածով աշխարհի չեմպիոն Նոել Միքաելյանի տիտղոսի պաշտպանությունը կլինի 2024 թվականին

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանը հնարավոր է համարում պրոֆեսիոնալ բռնցքամարտի հաջորդ հնարավոր մենամարտերից մեկը Հայաստանում անցկացնելը:

«Աշխարհի չեմպիոնի համար մենամարտի կազմակերպումը շատ դժվար ստացվեց, քանի որ մինչ այս գոտին պատկանում էր Կոնգոն ներկայացնող բռնցքամարտիկին, իսկ ինքն էլ հասկանում էր, որ ես իր համար լուրջ մրցակից եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միքայելյանը:

WBC վարկածով աշխարհի չեմպիոնի խոսքով` ինքը դեռ նոր-նոր է սկսել գիտակցել, որ աշխարհի չեմպիոն է և դեռևս վաղ է համարում հետագա պլանների հստակեցումը, սակայն մեծ է հավանականությունը, որ 2024 թվականի առաջին ամիսներին գոտու պաշտպանության մենամարտ կլինի: Միքայելյանը մեծ պատիվ է համարում Վիկ Դարչինյանից հետո լինել երկրորդ հայը, ով նվաճել է բռնցքամարտի աշխարհի հեղինակավոր WBC վարկածով այդ գոտին:

«Հիմա արդեն քննարկում ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո անցկացնելու հարցը, որի համար ես շատ ուրախ կլինեմ: Հպարտություն կլիներ Հայաստանում պրոֆեսիոնալ ռինգում մենամարտելը»,-ասաց նա:

Նոել Միքայելյանը 4 տարեկանում ընտանիքով Հայաստանից տեղափոխվել է Գերմանիա և բռնցքամարտով սկսել է զբաղվել հենց այնտեղ: Այնուհետ պրոֆեսիոնալ մենամարտերին նախապատրաստվելու համար հաստատվել է ԱՄՆ-ում: Պրոֆեսիոնալ ռինգում Միքայելյանն անցկացրել է 29 մենամարտ, որոնց 27-ում հաղթանակ է տոնել:

  • Կիսվել: