երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուզում էի կարիերաս ավարտել մեդալ նվաճելով․ 25 տարի է՝ այս մարզաձևում եմ․Հռիփսիմե Խուրշուդյան

Ուզում էի կարիերաս ավարտել մեդալ նվաճելով․ 25 տարի է՝ այս մարզաձևում եմ․Հռիփսիմե Խուրշուդյան

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

«Ոչ ոք չգիտի, թե ես ինչերի միջով եմ անցել այս մրցաշարին մասնակցելու համար։ Նույնիսկ եղել է, որ հրաժարվել եմ, բայց ամուսինս ու ընկեր Արտաշը ինձ ոգևորել ու բերել են այս մրցաշարին: Ուզում էի կարիերաս ավարտել մեդալ նվաճելով, ինչն էլ եղավ ու ինչի համար ուրախ եմ: 25 տարի է՝ այս մարզաձևում եմ»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Խուրշուդյանը: 

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն առանձնակի շնորհակալություն հայտնեց հայ երկրպագուներին, որոնք իր կողքին են եղել թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների  ժամանակ:

«Չգիտեմ` ինչպես եմ թողնելու սպորտը: Մի կողմից ուրախության արցունքներ են, մյուս կողմից տխրում եմ ու մտածում՝ երանի կրկին 20 տարեկան լինեի ու նորից մրցահարթակ դուրս գայի»,-ասաց նա:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթներն ավարտեցին Հայաստանի կանանց թիմի անդամները: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը պայքարի մեջ մտան ծանր քաշային կին ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 102 և 105կգ: Այս ձևում Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 122 կգ: Երկամարտի 227 կգ քաշով նա բրոնզե մեդալ նվաճեց:

  • Կիսվել: